2017թ-ին հակառուսական պատժամիջոցները զգալիորեն կմեղմանան
Международные новостиԵվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը, հավանաբար, վերջին անգամը կլինի, քանի որ Արևմուտքի համընդհանուր տրամադրվածությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ սկսել է փոխվել: Եվրոպայում օրեցօր ավելանում է ռուսամետ քաղաքական գործիչների թիվն, ովքեր մեծ հարցականի տակ են դնում հակառուսական պատժամիջոցների արդյունավետությունը և առհասարակ ԵՄ-ի միասնականությունը: IHS Markit-ի տնտեսագետ Չառլզ Մուվիտը կարծում է, որ «եթե ԱՄՆ-ն մեղմացնի հակառուսական պատժամիջոցներն, ապա ԵՄ անդամ երկրներին այլևս չի հաջողվի համաձայնության գալ դրանք պահպանելու հարցում:
Նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամպի հաղթանակը մեծ հույսեր ներշնչեց, որ ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը կարող է փոփոխվել, չնայած Եվրամիությունը դեկտեմբերի 19-ին տնտեսական պատժամիջոցների ժամկետը ևս վեց ամսով երկարաձգեց: Միաժամանակ ԱՄՆ գանձապետարանի վարչությունը նոր անձանց և ընկերությունների անուններ ավելացրեց պատժամիջոցների ցանկին: Սակայն վերջերս Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամպի խորհրդական Նյուտ Գինգրիչը հաղորդել է, որ Թրամպը չեղյալ կհայտարարի Բարաք Օբամայի տված կարգադրությունների 60-70%-ը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «նոր, ավելի թարմ ու կառուցողական մոտեցման որոշակի հույսեր ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմից»:
Bloomberg գործակալության տնտեսագետների 55%-ը կանխատեսում է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ը կմեղմացնի Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները: Առանց այդ սահմանափակումների ՌԴ-ի տնտեսությունը 2017թ. 0,2 %-ի չափով աճ կգրանցի, իսկ 2018թ՝ 0.5%: Դրան կհաջորդի ԵՄ-ի կողմից պատժամիջոցների թեթևացումը:
Պատժամիջոցների հարցում կոշտ վերաբերմունք ունեն հիմնականում Մեծ Բրիտանիան, Սկանդինավյան և Բալթյան երկրները, մինչդեռ Արևելյան Եվրոպայում ավելի սկեպտիկ մոտեցում են ցուցաբերում:
Ֆրանսիայի նախագահի Հանրապետական թեկնածու Ֆրանսու Ֆիյոնը, ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը հանդես են եկել պատժամիջոցները մեղմացնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ հայտարարություններով:
Բրյուսելում գտնվող «Եվրոպական քաղաքականության կենտրոն»-ի գլխավոր վերլուծաբան Փոլ Իվանը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում արևելյան Ուկրաինայում իրավիճակի զգալի փոփոխություն տեղի չի ունեցել, ինչն ավելի է դժվարացնում հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցը:
Բացի այդ, անկախ առկա պատժամիջոցներից, գերմանացի ներդրողներն ավելի մեծ պատրաստակամություն են ցուցաբերում Ռուսաստանում աշխատելու հարցում, իսկ այս տարվա առաջին կեսին Գերմանիայից ՌԴ ներդրումները, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ, 50%-ով ավելացել են:
Այսպիսով, շատ քաղաքագետներ կարծում են, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ինքնուրույն չէ, իսկ ներկա պահին կախված է ԱՄՆ-ից: Միությունը շատ հարցերում է հետևում ԱՄՆ-ի օրինակին: ԵՄ-ը, որ հիմնվել էր Բարաք Օբամայի վարած քաղաքականության վրա և խաղադրույք կատարել Հիլարի Քլինթոնի հաղթանակի վրա, կարող է հայտնվել մեկուսացման մեջ: Նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամպի՝ Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու և համագործակցելու պատրաստակամությունը, միգուցե, դրդի ԵՄ-ին վերանայել իր տեսակետը:
Հակառուսական պատժամիջոցները չեն կարող չեղարկվել ամբողջությամբ, սակայն 2017թ-ի երկրորդ կեսին դրանք կարող են զգալիորեն մեղմանալ:
Անի Գասպարյան