Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայում «ահաբեկչական խմբավորումներին օգնություն ցուցաբերելու» մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com-ը:
Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի կազմակերպած արարողության ժամանակ Էրդողանն ասել է. «Ահաբեկչական խմբավորումներին ամեն տեսակի զենքով օգնում, ապա ասում եք, թե չենք աջակցում: Մենք դա կուլ չենք տա: Մենք դա չենք կարող ընդունել: Եթե մեր ռազմավարական գործընկերն եք, պետք է մեր կողքին լինեք»:
Ավելի վաղ թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ հասցեին` ասելով, թե Միացյալ Նահանգները զենք է մատակարարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): Վերջինիս Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել` հերքելով թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե ամերիկյան կողմը աջակցել է «Իսլամական պետություն» խմբավորմանը, ինչպես նաև զենք տրամադրել PYD-ին: