Սեուլում բազմամարդ հանրահավաք է անցկացվում նախագահի հրաժարականի պահանջով
Международные новостиՍեուլում հերթական բազմամարդ հանրահավաքն է անցկացվում՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի շուտափույթ հրաժարականի պահանջով, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Հանրահավաքն անց է կացվում քաղաքի կենտրոնական թաղամասերում:
Պակ Կըն Հեի հրաժարականի պահանջով հանրահավաքները Հարավային Կորեայի մայրաքաղաքում անցնում են արդեն 10-րդ շաբաթն անընդմեջ: Կազմակերպիչների գնահատականով` դրանց ընդհանուր առմամբ մասնակցել է մինչև 10 միլիոն մարդ:
Դեկտեմբերի 9-ին նախագահին իմպիչմենտի հայտարարումը չի հանգստացրել ցուցարարներին, քանի որ վերջնական որոշումը պետք է կայացնի սահմանադրական դատարանը, որը կսկսի քննել գործը հունվարի 3-ին:
Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամը սկսվել է նրանից, որ նախագահը ներքաշվել է կոռուպցիոն սկանդալի մեջ, որտեղ գլխավոր գործող անձը դարձել է նրա ընկերուհի Ցոյ Սուն Սիլը: Իրավապահ մարմինները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով ոչ մի պետական պաշտոն, ազդեցություն է թողել նախագահի քաղաքական որոշումների վրա, ինչպես նաև օգտվելով վերջինիս հետ հարաբերություններից, խոշոր գումարներ է շորթել հարավկորեական կորպորացիաներից: