Բրազիլիայում Հունաստանի դեսպանին սպանել է նրա կնոջ սիրեկանը. Բրազիլիայի իշխանություններ
Международные новостиՌիո Դե Ժանեյրոյի ոստիկաններից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել Բրազիլիայում Հունաստանի դեսպանին: Սպանությունը նա իրականացրել է դիվանագետի բրազիլացի կնոջ ուղղորդմամբ, ում հետ նա սիրային կապի մեջ էր, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
59-ամյա դեսպան Կիրակոս Ամիրիդիսը կորել էր երկուշաբթի օրվանից: Նրա կինը՝ Ֆրանսուան, ոստիկանությանը հաղորդել էր նրա անհետանալու մասին չորեքշաբթի:
29-ամյա ոստիկան Սերժու Մորեյրան խոստովանել է ոստիկանությանը, որ նա է սպանել դեսպանին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող նրա տանը:
Քննիչ Էվարիստո Մագալաեսը հայտնել է լրագրողներին, որ 40-ամյա Ֆրանսուան և Մորեյրան պլանավորել են սպանությունը մի քանի օր առաջ:
Ամիրիդիսի կինը և ոստիկանը ձերբակալվել են: Ոստիկանությունը ձերբակալել է նաև ոստիկանի եղբորը, ով խոստացված 25 հազար դոլարի դիմաց հսկել է հանցագործության վայրը, մինչ ոստիկանը կսպաներ դեսպանին, և այնուհետև օգնել է դուրս տանել նրա մարմինը տնից:
«Դա ողբերգական, փոքրոգի քայլ էր, բայց մենք ամեն ինչ արեցինք հնարավորինս շուտ բացահայտելու համար այս գործը»,- ասել է Մագալաեսը մամուլի ասուլիսի ժամանակ:
Կիրակոս Ամիրիդիսը ստանձնել էր Բրազիլիայում Հունաստանի դեսպանի պաշտոնը 2016 թվականի սկզբին: