Ադրբեջանը վստահություն չի ներշնչում Իրանին. փորձագետ
Международные новостиՀայաստանով Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի ստեղծումը ձեռնտու է ե'ւ Հայաստանին, ե'ւ Իրանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
«Միջանցքի ստեղծումը տնտեսական եւ ռազմավարական նշանակության գործընթաց է, որը ձեռնտու է երկու երկրներին էլ. Հայաստանին՝ որպես տարանցիկ երկիր հանդես գալու եւ արդեն տասնամյակներ շարունակ մեր թշնամի-հարեւան երկրների շրջափակումը ճեղքելու համար, Իրանին՝ դեպի եվրոպական կամ ԵՏՄ շուկա մուտք գործելու ուղիները դիվերսիֆիկացնելու համար»,- մեկնաբանեց նա։
Ըստ նրա՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման ծրագիրը տվյալ տարածաշրջանային գործընթացների համատեքստում շատ ավելի է կարեւորվում։
«Մինչ այս Իրանին Եվրոպայի հետ կապող ճանապարհը անցնում էր Թուրքիայի տարածքով, բայց մենք այսօր ականատես ենք լինում երկու կարեւոր իրողության. առաջինը Իրանի եւ Թուրքիայի միջեւ լուրջ քաղաքական խնդիրներն են՝ Սիրիայի եւ Իրաքի հակամարտությունների շրջանակում։ Հաջորդը անվտանգության խնդիրն է, քանի որ, կապված քրդական խնդրի ակտիվացման հետ, թուրքական ճանապարհը դարձել է խիստ վտանգավոր եւ խնդրահարույց իրանական բեռնափոխադրումների համար։ Այդ իսկ պատճառով կարեւորվում է Հայաստանի առաջարկած հնարավորությունը»,- ասաց Պետրոսյանը։
Նա պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Իրանի ընտրությունը կանգնում է Հայաստանի վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցության խորացման համատեքստում Իրանը որոշակիորեն կորցրել է իր վստահությունը Ադրբեջանական Հանրապետության հանդեպ։
«Ադրբեջան պետությունը, առաջարկելով համապատասխան ենթակառուցվածքներ, այնուամենայնիվ, վստահություն չի ներշնչում Իրանին, որովհետեւ օրեր առաջ Ադրբեջան այցելեց Իրանի ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի վարչապետը, որտեղ բարձրաձայնվեցին նաեւ պաշտպանական, անվտանգության, ռազմավարական պայմանավորվածությունների մասին, ինչը մինչ այս հազվադեպ էր տեղի ունենում։ Իսկ այս հարցերը, առնվազն Իսրայելի տեսակետից, որպես առաջին թիրախ՝ ուղղված են Իրանի դեմ։ Սա հավելյալ անվստահություն է առաջացնում Իրան-Ադրբեջան հարաբերություններում»,- նշեց Արմեն Պետրոսյանը։