Մի փոքր էլ ֆանտաստիկայի ժանրից. Պատկերացրեք՝ ամսի 24-ի չէ, բայց դրան հաջորդելիք՝ արդեն երկյակի հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ոճի մեջ, ստանձնելով մամուլի խոսնակ-փաստաբանի պարտավորություն, Ազատության հրապարակի հարթակում կանգնած բարձրախոսով կհայտարարի՝ «Ավազակապետությունը խուճապի մեջ է, կրկնում եմ՝ խուճապի մեջ է: Հանցավոր ռեժիմի դեմ խոսք ունի ասելու մեր գործընկեր, ազնիվ քաղաքացի և ազնիվ քաղաքական գործիչ, արդարության առաջամարտիկ Արմեն Գևորգյանը, կրկնում եմ՝ Արմեն Գևորգյանը: Ուրեմն բոլորս միասին՝ «Ար-մեն, Ար-Մեն, Ար-մեն...»: Ցուցարարների մի հատվածը միանգամից կոգևորվի և կսկսի վանկարկել՝ «Ար-մեն, Ար-մեն, հի-մա, հի-մա, Սեր-ժիկ, հեռա-ցիր, Ար-մեն, Ար-մեն...»: Չի բացառվում, որ ցուցարարներից մի այլ հատված էլ ժամանակավոր շոկ ապրի, նույնիսկ տեղում դժգոհություն արտահայտի, թե ինչ գործ ունի այս հարթակում նախկին փոխվարչապետը, նույնիսկ թեթևակի կոնֆլիկտներ լինեն ցուցարարների միջև, բայց դա կհարթվի, և Արմեն Գևորգյանը հանդես կգա ելույթով, որտեղ կխոսի երկրում տիրող անարդարություններից, կքննադատի իշխանության քաղաքականությունը, կհիշեցնի, որ երկրում արտագաղթ է, աղքատություն, իսկ իշխանական օղակներում և պետական հաստատություններում ծաղկում է կոռուպցիան և անհապաղ պետք է պայքարել այդ արատավոր երևույթների դեմ: Խոսքի ընթացքում Գևորգյանն անպայման կասի, որ ինքը ժողովրդի կողքին է և այս ամբողջ ընթացքում ժողովրդի հետ է եղել միշտ, պարզապես հանգամանքներն են թելադրել, որ որոշ ժամանակ պետք է պաշտոն զբաղեցնի:
Հանրահավաքը կավարտվի, մասնակիցները կցրվեն, իսկ երկյակի՝ հանրահավաքից դժգոհ համակիրները ֆեյսբուքը կողողեն իրենց ստատուսներով, որտեղ կարտահայտեն իրենց զայրույթը, բողոքը առ այն, թե ինչու են ընդդիմադիր հարթակ բերել Արմեն Գևորգյանին, նախկին իշխանավորին, ինչու են նրան թույլ տալիս լինել իրենց շարքերում: Եվ այստեղ ես այսպիսի հարց կուղղեմ բոլոր այդ դժգոհներին՝ հարգելիներս, իսկ ինչու՞ պետք է թույլ չտան, ինչու՞ Արմեն Գևորգյանը չի կարող լինել ընդդիմադիր: Ցույց տվեք ինձ այդ հարթակում կանգնած մեկին, ով նախկինում պաշտոնյա չի եղել, օլիգարխ չի եղել: Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյա՞նը երբեք պաշտոնյա չի եղել ու չի թալանել երկիրը, թե՞ ՀԱԿ-ի մնացած անդամները՝ նախկին ՀՀՇ-ականները, որոնք երկիրը հասցրեցին ծայրահեղ վիճակի: Թե՞ միգուցե Գագիկ Ծառուկյանն է միշտ եղել ազնիվ հարկատու և երբևէ չի ունեցել հաստավիզ «ախռաննիկների» բանակ, որոնք ահաբեկել են մարդկանց, թե՞ Վարդան Օսկանյանը իշխանության կազմում չի եղել և ուղղակի կերպով չի արդարացրել մարտի 1-ի ոճրագործությունը: Բայց թե Տեր-Պետրոսյանը, թե Օսկանյանը, թե Ծառուկյանը, թե Ջհանգիրյանը, թե մյուսները եկան և դուք նրանց ընդունեցիք, մեծարեցիք և այսօր հիացմունքով լսում եք նրանց: Այդ դեպքում ինչու՞ չի կարող նրանց կողքին լինել Արմեն Գևորգյանը, ումի՞ց է նա պակաս: Ես պահանջում եմ Արմեն Գևորգյանին ճանաչել որպես ընդդիմության առանցքային գործիչներից մեկը և նրան իր արժանի տեղը տալ ընդդիմադիր հարթակում: Արդարացի է...
Եվ այդպես ամեն ինչ կընթանա իր հունով: Արմեն Գևորգյանը գնալով հանրահավաքներին «կբացվի», ավելի բոցաշունչ ելույթներ կունենա, նույնիսկ իր բառապաշարում նորամուծություններ կանի՝ աստիճանաբար սկսելով օգտագործել նաև «հանցավոր ռեժիմ», «հանցավոր իշխանություններ» և նման բառակապակցություններ: Կյանքը կընթանա իր բնականոն հունով:
Ինչպես նյութի սկզբում նշեցի, սա ֆանտաստիկ ժանրից է, և ներկայացրեցի ընդամենը իմ երևակայության արդյունքը՝ գեղարվեստորեն շարադրված: Իրականում, իհարկե, Արմեն Գևորգյանը Ազատության հրապարակում լինելու մասին ոչինչ չի ասել:
Սակայն վերջում ուզում եմ հիշեցնել, որ երբ 1870 թվականին առաջին անգամ Ֆրանսիայում հրատարակվեց Ժյուլ Վեռնի «20.000 լյո ջրի տակ» ֆանտաստիկ վեպը, որտեղ պատմվում է «Նաուտիլուս» սուզանավի և Նավապետ Նեմոյի մասին, այն ժամանակ դեռ ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ արդեն 20-րդ դարում, Առաջին աշխարհամարտի տարիներին կգործարկվեն սուզանավերի առաջին նախատիպերը: Փաստորեն ցանկացած ֆանտաստիկա մի օր դառնում է իրականություն: