Ադրբեջանը թալիշներին և տեղաբնիկ ժողովուրդներին օգտագործում է որպես թնդանոթի միս. Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
ПолитикаTert.am-ը գրում է.
Հայաստանը տարբեր մակարդակներում օժանդակում է և պետք է օժանդակի թալիշներին՝ Ադրբեջանում նրանց իրավունքների ոտնահարման հետ կապված հարցերում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ եթե դիտարկենք իրավիճակն Ադրբեջանում, ապա, անշուշտ, թալիշական շարժում կա, թալիշներն ունեն զգալի դժգոհություններ։
«Հայաստանը կարող է ակադեմիական մակարդակով օգնություն ցուցաբերել լեզվին, մշակույթի պահպանմանը վերբերող հարցերում։ Տարածաշրջանում պետականություն ունեցող ժողովուրդներից ենք, Հայաստանն ունի նաև գիտական զգալի ներուժ Ադրբեջանում ՝ իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների հետ կապված։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնին, որն աշխարհի մակարդակով բացառիկ կենտրոն է թալիշերենի, կովկասյան պարսկերենի դասավանդման և ուսումնասիրության առումով»,- մանրամասնեց Վարդան Ոսկանյանը։
Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ մեր կողմից կարող են դասագրքեր, ուսումնասիրություններ մշակվել թալիշների, կովկասյան պարսիկների պատմության, խնդիրների վերաբերյալ, որոնք և կօգնեն թալիշական խմբերին իրենց պայքարում և կներկայացնեն միջազգային հանրությանն իրականությունը։ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ հայաստանյան ԶԼՄ-ները բացառիկ հարթակ են թալիշների համար՝ սեփական խնդիրների մասին բարձրաձայնելու տեսանկյունից։
Իրանագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք թալիշների մեծ հոսք դեպի Հայաստան կարո՞ղ է լինել՝ հաշվի առնելով նաև այն, որ Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը Հայաստանում ապաստան է ստացել, և այստեղ խոսում ՝ թալիշների խնդիրների մասին՝ նշելով, որ Ադրբեջանում թալիշներին իրավունքները պարբերաբար խախտվում, նրանց ստիպում են նաև մարտական գործողությունների մասնակցել հայերի դեմ։
Վարդան Ոսկանյանն ասաց, որ պնդումները, թե ականատես կլինենք թալիշական հսկայական հոսքի դեպի Հայաստան, տեղին չեն, իրականության հետ որևէ աղերս չունեն։
«Անշուշտ, հնարավոր է, որ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով կարող են դիմել այլ տեղաբնիկ ժողովուրդներ, այդ թվում նաև թալիշներ, բայց մեծաքանակ շարժի վերաբերյալ հայտարարություններն առասպելաբանության ժանրից են։ Եթե մենք նայենք թալիշների մասնակցությանը հայկական կողմի դեմ մղվող մարտերին, ապա ակնհայտ է, որ թալիշները ծառայում են ադրբեջանական բանակում։ Կան մարդիկ, որոնք ժամկետային զինծառայողներ են, որոնք առանց իրենց կամքի էլ կարող են հայտնվել ճակատային գծում, շատ դեպքերում Ադրբեջանը թալիշներին և տեղաբնիկ ժողովուրդներին օգտագործում է որպես թնդանոթի միս, բայց կան թալիշներ, որոնք ընդգրկված են ադրբեջանական բանակի սպայակազմում, հատուկ նշանակության ջոկատներում ունենք սպանվածներ, որոնք ազգությամբ թալիշներ են»,- մանրամասնեց նա։
Իրանագետը կարծում է, որ պետք է հստակ գնահատել իրավիճակը․ մենք ունենք թալիշ դաշնակիցներ, բայց ոչ բոլոր թալիշներն են մեզ բարեկամի աչքով նայում։
Մանրամասները՝տեսանյութում։