Այսօր ունենք սպառազինություններ, որոնք արտադրված են ամբողջությամբ Հայաստանում. Պնախարար
Политика5 ուղղություններով շարունակելու ենք անել ամեն ինչ, որ մեր բանակը լինի ոչ միայն մարտունակ, այլեւ ամենամարտունակը տարածաշրջանում, լուրջ ռազմավարական խնդիրներ լուծելու ունակ Զինված ուժեր: Այս մասին մարտի 19-ին Լոռու մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Առաջինը, ըստ նախարարի, մեր զորքերի կարողությունների ավելացումն է՝ սպառազինության նոր միջոցների ձեռք բերման եւ Հայաստանում դրանց մշակման եւ արտադրության միջոցով. «Այսօր մենք ունենք սպառազինություններ, որոնք արտադրված են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում: Մենք պետք է ավելացնենք մեր արտադրությունը, ինչպես նաեւ համագործակցությունը գործընկեր երկրների հետ՝ ժամանակակից եւ խելացի սպառազինման ծրագիր իրականացնելու, փոքր միջոցներով մեծ արդյունքների հասնելու համար»:
Վիգեն Սարգսյանի խոսքով, երկրորդ ուղղությունը զինծառայողների ծառայության անվտանգության մակարդակի բարձրացումն է. շփման գծի ողջ երկայնքով այսօր Զինված ուժերը կարողանում է տեղադրել այնպիսի սարքավորումներ, որոնք զգալիորեն բարձրացնում են զինծառայողների անվտանգության մակարդակը: Այս ծրագիրը, նախարարի պնդմամբ, լինելու է շարունակական: Երրորդ կարեւորագույն ուղղությունը զինվորական ծառայության գրավչության ավելացումն է. «Մենք այնպես պետք է անենք, որ մեր երիտասարդները ձգտեն սպայական մասնագիտացում ստանալ: Արդեն այսօր Զինված ուժերն ամենամրցունակ գործատուներից մեկն է՝ առաջարկելով ամենաբարձր ստարտային աշխատավարձը մեր սպայական անձնակազմին»:
Չորրորդ հիմնական ուղղությունը արդարության ամրապնդումն է. լինի ժամկետային զինծառայող կամ սպա պետք է վստահ լինի՝ իր իրավունքները լիարժեք ապահովված են եւ պաշտպանված: Արդեն առաջիկայում նախարարի խոսքով ներկայացվելու է ժամկետային ծառայության նոր մեխանիզմների մի ընդարձակ եւ հավակնոտ ծրագիր:
Հինգերորդ ուղղությունն արդյունավետությունն է: Վիգեն Սարգսյանը նշել է, որ պետք է այնպես անել, որ հանրության մոտ որեւէ կասկած չլինի բանակում ծախսերի արդյունավետության վերաբերյալ:
«Անհրաժեշտ է մեծացնել քաղաքացիական վերահսկողության եւ թափանցիկության մակարդակն այնպես, որ տնտեսվարողներն իմանան՝ բանակի հետ գործ ունենալը եւ պատվաբեր է, եւ պարտավորեցնող: Նրանք պետք է առաջարկեն ամենաբարձր որակն ու միեւնույն ժամանակ պատասխանատու լինեն այդ որակի ու ժամկետների համար»,- ասել է նախարարը: