Կիպրոսը դուրս է եկել Թուրքիայի հետ բանակցություններից
Международные новостиԿիպրոսի Հանրապետությունը չի վերականգնի կիպրական խնդրի կարգավորման բանակցությունները մինչև այն ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել կղզու բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նավթագազային պաշարների հետազոտության ծրագրեր սկսելուց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
«Ես չեմ զիջի որևէ մեկի, ով էլ լինի, խորհուրդներին և առաջարկություններին' վերադառնալ խուլերի հետ երկխոսությանը: Ես արժանի չէի լինի ժողովրդի կողմից ինձ տրված մանդատին, եթե շարունակեի բանակցություններն սպառնալիքների և ևս մեկ կատարված փաստի ճանաչման պայմաններում»,- ասել Կիպրոսի նախագահը:
Հոկտեմբերի սկզբին Թուրքիան տեղեկացրել է, այսպես կոչված, NAVTEX (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր հրապարակելու մասին, որ իրեն է վերապահում Միջերկրական ծովի արևելյան մասում' Կիպրոսից հարավ գտնվող ընդարձակ ջրատարածությունում նավթագազային պաշարների սեյսմիկ հետախուզություն անցկացնելու իրավունքը, որ այդտեղ թուրքական հետազոտական «Բարբարոս» նավը հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ը պետք է անցկացնի նման աշխատանքներ: Այնտեղ են ուղարկվել նաև թուրքական ծովուժի երկու ռազմանավ:
Այդ ջրատարածությունում է հայտնվել, մասնավորապես, կիպրոսյան ԲՏԳ-ի իններորդ հատվածը, որտեղ, Կիպրոսի կառավարության հետ ձեռքբերված համաձայնությամբ, ներկայում իտալական էներգետիկական հսկա «ԷՆԻ»-ն և կորեական KOGAS ընկերությունը համատեղ հանքահորեր են փորում:
Նախագահ Անաստասիադիսը Թուրքիայի նման գործողությունները գնահատել է որպես սեփական ԲԳՏ տարածքում բնական ռեսուրսների մշակման Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտում և հայտարարել է այն մասին, որ կիպրահունական կողմը դադարեցնում է կղզու խնդրի կարգավորման գծով բանակցությունները, քանի որ երկրի վերամիավորման գործընթացը «չի կարող շարունակվել սպառնալիքների և շանտաժի պայմաններում»:
Թուրքիան Կիպրոսի մեկ երրորդ մասը բռնազավթել է 1974 թվականին և այնտեղ հռչակել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն», որը մինչ այժմ ճանաչել է միայն ինքը: