Հոկտեմբերի 10-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների և «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատիրոջ ու նրա ընտանիքի անդամների մտերմությունը չարաշահելու և խոշոր չափի գումարներ հափշտակելու մեղադրանքով, -այս մասին հայտնում էORER.am-ը:
Մեղադրյալը նախկինում չդատված Արթուր Անդրեասյանն է, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հերթական դատական նիստը տեղի կունենա այսօր: