Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի դեմ
Բողոքի ակցիա նախաձեռնող խումբն Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, ՀՀ կառավարությունը կրկին անգամ սոցիալական անարդարություն առաջացնող օրինագիծ է մշակել, որի մուտքը ԱԺ կամ հնարավոր ընդունումը ԱԺ-ի կողմից պետք է համատեղ ուժերով ու հրատապ կասեցնել:
Միացե՛ք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն վերաբերող պայքարին՝ կասեցնելու «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին՝ կառավարության օրինագծի առաջադրումը ԱԺ-ին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց: Այժմ հանդիպում ենք Ազգային Ժողովի մոտ:
Սույն օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը, ինչը կբերի անդառնալի հետևանքների` ծնելիության կրճատման և արդեն իսկ սակավաթիվ միջին խավի արտագաղթի: Աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին կառավարությունը նախատեսում է չաշխատող կանանց վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ: Մենք ողջունում ենք կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ:
Հաշվի առնելով նախագծի բոլոր բացասական կողմերը՝ մենք պահանջում ենք.
Պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող օրենքում: Վերջապես աշխատող կանայք սոցիալական հարկեր են վճարում:
Գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար»: