Թուրքիան առաջարկել է ռազմաբազա կառուցել նաև Սաուդյան Արաբիայում. Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քուվեյթում ռազմաբազա բացելու որոշումը կայացնելու ժամանակաշրջանում նրանք նույն առաջարկն արել են նաև Սաուդյան Արաբիային, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ Էրդողանի՝ նա այդ մասին խոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ և վերջինս խոստացել է մտածել այդ մասին: Սակայն մինչ օրս Թուրքիան որևէ պատասխան չի ստացել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրի խորհրդարանում ընդունված՝ Քաթարում թուրքական զորք տեղակայելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել էր օրինագիծը, որը թույլ է տալիս Քաթարի թուրքական ռազմաբազայում թուրքական զորք տեղակայել: Օրինագիծն ընդունվել է 240 կողմ ձայնով:
Հայտնի է, որ Թուրքիան Քաթար կուղարկի 90 զինվորական, ռազմական ինքնաթիռ և նավ: Առաջիկա երկու ամսում զինվորականների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Նախօրեին Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։