Թուրքիան 10.000 տոննա հումանիտար օգնություն է նախատեսում ուղարկել Բանգլադեշ՝ ռոհինջա մահմեդականներին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն 10.000 տոննա հումանիտար օգնություն ուղարկել Մյանմայից (Բիրմա) Բանգլադեշ փախած ռոհինջա մահմեդականներին, այս մասին գրում է t24.com.tr կայքը:
«Եթե Բանգլադեշի իշխանություններն արտոնեն՝ կցանկանանք նաև աշխատել տեղի փախստականների ճամբարներում առավել բարվոք պայմաններ ստեղծելու համար՝ օգտագործելով ներգաղթյալների հետ աշխատելու մեր փորձը»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ օրերս Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը շտապ Բանգլադեշ է այցելել՝ Մյանմայից այստեղ փախած ռոհինջա մահմեդականների ճամբար այցելելու նպատակով:
Օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռակհայն նահանգում բնակվող ռոհինջա մուսուլմանների մեջ եղած իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ռազմական օպերացիա են սկսել: Այդ գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ՝ 370 գրոհային, 15 մյանմացի զինվոր, 14 խաղաղ բնակիչ: Օգոստոսի 25-ից ի վեր մոտ 126.000 ռոհինջա է փախել Բանգլադեշ:
Ռակհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջև կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ: