Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ադրբեջանական օդուժի կողմից ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը վտանգավոր միջադեպ է: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան' ընդգծելով, որ միջադեպն ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում եւ մեծացնում մտահոգությունը:
«Այսօր մենք դարձանք զինադադարի համաձայնագրի խախտման ականատեսներ: Ուղղաթիռի խոցումը բռնության շատ վտանգավոր դրսեւորում է: Առկա է հակամարտության սրման նոր փուլի վտանգ: Հարավային Կովկասում իրավիճակն ավելի է սրվում: Խորապես համոզված ենք, որ անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի այս իրավիճակը զարգանա: Իրադարձությունների նման ընթացքը հնարավոր է կանխել միայն հրաժարվելով ուժի կիրառումից, սադրիչ գործողություններից եւ պահպանելով հրադադարի ռեժիմը: Շատ կարեւոր է ապահովել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ 2014թ. ինչպես շփման գծում այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին անընդհատ տեղի են ունեցել զինված գործողություններ: Միայն վերջին 3 ամսվա ընթացքում հրադադարի մասին պայմանագիրը խախտվել է 1500 անգամ: Բորդյուժան ընդգծել է, որ կրակը հիմնականում ուղղված է եղել խաղաղ բնակչության դեմ, եղել են դիվերսիոն խմբերի ներթափանցման դեպքեր, ինչի հետեւանքով խաղաղ բնակիչներ են մահացել:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:
Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: