Ինչպես այսօր տեղեկացրել էր Orer.am-ը՝ կառավարությունը խոստացել էր լուծել Այգեպար գյուղում հակառակորդի կրակի հետևանքով այրված տների բնակիչներին սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելու հարցը: Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը Orer.am-ին փոխանցել էր, որ վարչապետի հանձնարարությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մեկնել է դեպքի վայր և ուսումնասիրել է տուժած բնակիչների վնասի չափը: Ըստ Աբրահամյանի՝ կառավարության ղեկավարը հրահանգել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել վնասի չափերը՝ խոստանալով սահմանապահ գյուղի բնակիչների բնակարանային խնդիրը լուծել հնարավորինս արագ:
Եվ ահա, բառացիորեն ժամեր անց, Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղե կացրել են, որ խնդիրը լուծվել է մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:
«Երկու բնակարանատերերն էլ ապահոված են բնակարանով: Բնակարանները երեք սենյականոց են՝ համապատասխան գույքով: Բնարակարանները գտնվում են հենց իրենց բնակավայրում: Նույնիսկ մի ընտանիք կունենա սեփական ավտոտնակ»,-նշեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ երկու այրած տների բնակիչներին օգնելու հարցը Տավուշի մարզպետարանի առաջնահերթ խնդիրներից մեկն էր: