Երեկ Orer.am-ը անդրադարձել էր ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղում հրետակոծության հետևանքով այրված բնակարանների խնդրին և, մասնավորապես, կոչ էր արել կառավարությանը՝ սատար կանգնել հրետակոծության հետևանքով տուժած սահմանապահ բնակիչներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղում: Այրվել էին 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:
Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը Orer.am-ին փոխանցեց, որ վարչապետի հանձնարարությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մեկնել է դեպքի վայր և ուսումնասիրել է տուժած բնակիչների վնասի չափը: Ըստ Աբրահամյանի՝ կառավարության ղեկավարը հրահանգել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել վնասի չափերը՝ խոստանալով սահմանապահ գյուղի բնակիչների բնակարանային խնդիրը լուծել հնարավորինս արագ: