Օգոստոսի 3-ից իրաքաբնակ եզդիների նկատմամբ սկսված բռնաճնշումները շարունակվում են: Այսօր էլ հազարավոր եզդիներ շարունակում են շրջափակված մնալ Սինջար լեռան վրա: Հարյուր հազարավոր եզդիներ լքել են եզդիաբնակ Շանգալ մարզը` ապաստան գտնելով Իրաքի այլ մարզերում և հարևան պետություններում :
Շանգալի մարզը ազատագրելու համար շարունակում են պայքարել եզդիական մի քանի ջոկատներ : Աշխարհի տարբեր երկրներում եզդիական համայնքները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել: Հայաստանի եզդիական համայնքը ևս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների , ակտիվ բողոքի ակցիաներ էր իրականացնում : Սակայն այս օրերին Հայաստանի եզդիական համայնքը լռում է: Այս կապակցությամբ ORER.am-ը զրուցեց «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ Համլետ Սմոյանի հետ :
Նա մեզ փոխանցեց, որ այս պահին բողոքի ակցիաներ իրականացնելը քիչ արդյունավետ է: «Այսօր ավելի արդյունավետ կլինի, եթե մենք կարողանանք նյութապես և ֆինանսապես աջակցել դեռևս լեռներում գտնվող եզդի փախստականներին և ահաբեկիչների դեմ պայքարող եզդի մարտիկներին: Մենք արդեն կապ ենք հաստատել «Շանգալի պաշտպանության միավորում» ջոկատի հրամանատար Հեյդար Շաշոյի հետ և հստակեցրել այն ճանապարհները, որով կարող ենք օգնություն հասցնել Իրաքի եզդիներին»,-ասաց Համլետ Սմոյանը:
Համլետ Սմոյանը նշեց նաև , որ իրենք ունեն հավաքված որոշակի գումար , որը, սակայն, բավարար չէ օգնություն հասցնելու համար և կոչ արեց բոլոր եզդիներին՝ իրենց հնարավորության չափով օգնել եզդի փախստականներին :
Զեմֆիրա Քալաշյան