Ոչ պատահական շնորհավորանք. ինչ մեսիջ էր հղում Բայդենն Ալիևին Արցախի վերաբերյալ
ПолитикаԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում։ Ավելին, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության՝ նրանք կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ ավարտված չէ: Դրանում համոզված է փորձագետ Սուրեն Սարգսյանը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այն պետք է դիտարկել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի վարած քաղաքականության համատեքստում:
Ավելի վաղ Բայդենն Ալիևին հղած շնորհավորական ուղերձում նշել էր, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կօգնի կողմերին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հաստատուն լուծում գտնել և կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմանը՝ բարեկեցիկ ու խաղաղ ապագա ապահովելու համար:
«Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի իշխանությունները հարստացրել են արտաքին օրակարգը։ Վաշինգտոնը սկսել է ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ ծախսել արտաքին քաղաքականության վրա, որն իր մեջ ներառում է նաև Հարավային Կովկասի երկրները»,-ասաց Սարգսյանը։
Փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ի ակտիվացումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Բացի այդ, Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և իր շնորհավորանքով Բայդենը հստակ հասկացրել է Ալիևին, որ այդ ձևաչափը չի դադարել գոյություն ունենալ և նման կարծիք հայտնելու հիմք չկա։ Ավելին, Վաշինգտոնը, ի տարբերություն Բաքվի, չի կարծում, որ հակամարտությունն ավարտված է, իսկ հարցը՝ փակված։
ԱՄՆ-ում հասկանում են, որ եթե խնդիրը շարունակում է մնալ ներկայիս մակարդակի վրա, ապա կարելի է պարբերաբար նոր սրացումներ ակնկալել։ Դրա համար էլ ամերիկյան կողմն այդ ուղղությամբ մեծ ակտիվություն է նախատեսում ԱՄՆ-ի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին։ Վաշինգտոնում հույս ունեն այնպիսի լուծումներ գտնել, որոնք կբավարարեն նաև հայկական կողմին։
Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանն իր հերթին գտնում է, որ Բայդենը տողատակերում Ալիևին հիշեցրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԱՄՆ-ի դերի մասին:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Բալասանյանը շնորհավորանքն անվանեց ոչ պատահական։ Սակայն, ի տարբերություն Սուրեն Սարգսյանի, նա կարծում է, որ Վաշինգտոնի դերն այս հարցում այդքան ակտիվ չի լինի, և դրա համար պատճառներ կան։
Բալասանյանը վստահ է, որ եթե Հայաստանը դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ խնդրելով լուծել հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի գործընթացին վերաբերող հարցերը, ապա արձագանքն այլ կլիներ: Նա նշեց, որ ԱՄՆ-ն կարող է այդ գործընթացի վրա ազդել տարբեր իրավական կազմակերպությունների միջոցով, սակայն ընթացիկ քաղաքական դիսկուրսում Նահանգները մտադիր չեն սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ առանց Երևանից հայց ստանալու։
Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատում հայ գերիների վերադարձի մասին բանաձևին, ապա Բալասանյանը նշեց, որ այդ փաստաթուղթը ձևական բնույթ է կրում, և կոնկրետ քայլեր սպասել պետք չէ: Նա դա գնահատում է որպես Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ հերթական նախաձեռնություն։ Բալասանյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը հայտարարություններից առաջ չի անցնի։
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցն էլ նա գնահատել էր որպես ընդամենը սեփական նախաձեռնություն, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը համարել փակված։