«Ոչ ռոումինգին» նախաձեռնության ակցիայի առաջին պտուղները
Общество«Ոչ ռոումինգին» նախաձեռնությունը բջջային օպերատորների բաժանորդ Հայաստանի քաղաքացիներին կոչ էր անում դեկտեմբերի 1-ին անջատել հեռախոսները 24 ժամով: Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն էր պայքարը Հայաստանի և Արցախի միջև բաժանարար գծեր դնող ռոումինգային կապի դեմ: Միայն ֆեյսբուքի միջոցով ակցիային միացել էր 1600 մարդ: Բազմաթիվ մարդիկ այս ակցիային մասնակցեցին նաև սոցիալական ցանցից դուրս: Orer.am-ը դեռ 2 շաբաթ առաջ տեղեկացրել էր շուրջ 10.000 մարդկանց մասին, ովքեր կազմակերպիչներին էին միացել Հայաստանից և Արցախից: Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն, ով ակցիայի նախաձեռնողներից է, շնորհակալ է բոլոր մասնակիցներից: Ռեժիսորն ասաց, որ արդեն նշմարվում են երեկվա ակցիայի առաջին պտուղները և պատմեց, որ Հանրային ծառայությունների հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 15-ը կհայտնի բջջային օպերատորների հետ իր բանակցությունների արդյունքերի մասին: Ըստ Զաքարյանի՝ այդ բանակցությունների կարիքն առաջացել է ակցիայից հետո: Արշակ Զաքարյանն արդեն ունի նոր ակցիայի պլաններ, սակայն մեզ հայտնեց, որ դրանք պետք է քննարկել: Ըստ նրա՝ ինքը չի սիրում միայնակ որոշումներ կայացնել, քանի որ «Ոչ ռոումինգին» նախաձեռնությունն ունի բազմաթիվ ակտիվիստներ: Նաև փոխանցեց, որ նախաձեռնությունը նման չէ հայաստանյան բազմաթիվ կուսակցություններին, որտեղ որոշումները միաձայն են անցնում:
Լևոն Փանոսյան