Այսօր Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, երկու տարուց ավելի տևած դատաքննությունից հետո, վերջապես հրապարակվեց մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով դատավճիռը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Բանդայի գործով» ամբաստանվող Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի դատավճիռը: Ըստ այդմ` ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Մանուկյանը՝ 11 տարվա:
Orer.am-ի հետ զրույցում Արտուշ Հակոբյանի քույր՝ Անահիտ Հակոբյանը հայտնեց, որ սույն դատավճիռը միանշանակ բողոքարկելու են:
«Մինչև Եվրոդատարան բողոքարկելու ենք, որովհետև վճիռը ուրիշ մարդկանց համար էր, ամբողջ աշխարհը գիտի, որ էդ գործը իրենք չեն արել»,-ասաց Անահիտ Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ մինչև վերջ էլ չհայտնաբերվեց ոչ գողոնը, ոչ էլ գործով այլ փաստեր:
«Այն ինչ-որ նախաքննական մարմինը պատրաստել էր, բոլորը շինծու էր, փաստաբան Հովիկ Արսենյանն ապացուցեց դատարանում, որ ոչ մի փաստ չունեն: Մեղադրողին հարց տվեց, թե ցույց տվեք մի փաստ, համաձայն որի` Արտուշ Հակոբյանը մեղավոր է ճանաչվում, սակայն մեղադրողն այդպես էլ լռեց, որովհետև ոչ մի փաստ չկար, շոու էր: Նախաքննական մարմնի սարքած գործը բերեցին մարիոնետկայի նման և թե՛ դատախազը, թե՛ դատավորն առանց փաստերին նայելու պատվերով դատեցին և որպես բանդայի պարագլուխ 15 տարի տվեցին»,-ասաց Անահիտ Հակոբյանը: