ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ՍԱՊԾ-ն որևէ արտադրողի կողմից ԵՄ երկրներ մեղր արտահանելու հայտ չի ստացել: «Մի քանի` 3-4, դեպք եղել է, որ անձնական օգտագործման նպատակով քիչ կիլոգրամներով արտահանել են, սակայն արտահանման նպատակով դիմած այս պահին տնտեսվարող կամ որևիցե ընկերություն դեռ չկա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը կարող է մեղր արտահանել Եվրամիության երկրներ, քանի որ ընդգրկվել է արտահանման իրավունք ունեցող երկրների ցանկում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2013-ին ներկայացրած փաստաթղթերը ԵՄ հանձնաժողովը և անդամ երկրները հաստատել և ընդունել են:
http://www.armnewstv.am/news/32698
«Մեղվի քաղաք» մեղվաբուծական տնտեսության փոխտնօրեն Արտյոմ Միքայելյանը գտնում է, որ մեղրի՝ ԵՄ երկրներ արտահանումը Հայաստանին մեծ օգուտ կբերի, քանի որ մեծ շուկան միշտ էլ օգուտ է: «Եթե Եվրոպա արտահանումը լիարժեք կարողանանք ապահովել , մեղվաբուծությունը մեծ թափով կզարգանա, կեռապատկվեն մեղվապահները, ինչն էլ իր հերթին, մասնավորապես` գյուղերում և սահմանամերձ շրջաններում, կնպաստի աղքատության վերացմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ որևէ արտադրող արտահանման հայտ դեռ չի ներկայացրել ՍԱՊԾ, Արտյոմ Միքայելյանն ասաց. «Ես կարծում եմ պահանջարկ չլինելու խնդիրն է, որ չեն արտահանում»,- ասաց նա: Չնայած դրան նա գտնում է, որ ԵՄ երկրներում մեր մեղրը պահանջված է , սակայն խնդիրը` պահանջած գնի և քանակի անհամապատասխանությունն է, քանի որ Եվրոպան շատ ավելին է պահանջում:
Նա հայտնեց, որ ԵՄ-ից ստացել ենք ոչ միայն մեղրի արտահանման արտոնագիր, այլ նաև մեղվամթերքների` ինչի մեջ մտնում է մեղվամոմը, ակնամոմը, մեղվակաթը:
«Մենք Գերմանիայի հետ պայմանագիր ունենք և պատրաստում ենք ակնամոմի առաջին խմբաքանակը արտահանել»,- ասաց «Մեղվի քաղաք» մեղվաբուծական տնտեսության փոխտնօրենը:
Հարցին, թե որքանով է մեր մեղրը մրցունակ ԵՄ երկրներում, նա ասաց, որ շատ մրցունակ է: Ինչ վերաբերում է գնին, ապա նա ասաց, որ սովորական մեղրի գինը Հայաստանում ինչ-որ չափով բարձր է, ինչի համար Եվրոպայի շուկան այնքան էլ հասանելի չէ:
Նա նշեց, որ Հայաստանում մեղրի արտադրությունը զարգանում է: Արտյոմ Միքայելյանը հայտնեց, որ այս տարի առաջին անգամ իրենց ընկերությունը կազմակերպում է համահայկական մեղվապահական համագումար` փառատոն-ցուցահանդես, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-14-ը, որտեղ լինելու են մեղվաբույծներ և քննարկելու են մեղրի հետ կապված բոլոր խնդիրները, բացթողումները և նաև բոլոր այն տեխնոլոգիաների կիրառումը, որոնք պարտադիր են Եվրոպա արտահանելու համար: