Ռուսաստանի «անսխալ նավավարը» կարծես թե չի հասկանում, որ լրջագույն խնդիրների առջև է կանգնել:
Կարող ենք փաստել, որ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից և ՌԴ իշխանությունների ոչ այնքան «կոմպրոմիսային» քաղաքականությունից հետո ՀՀ շարքային քաղաքացիների համար Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի լինելիության հարցը օրինաչափորեն դառնում է վիճարկելի: Չնայած այս տրամադրությունները դեռևս գտնվում են սաղմնային վիճակում, բայց հայ հասարակական լայն շրջանակների համար հայ-ռուսական «ռազմավարական բարեկամության» միֆը հօդս է ցնդում և աստիճանական խմորումների արդյունքում հետագայում կարող է վերածվել հստակ ձևակերպված պահանջի, այն է՝ ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական սահմանապահ զորքերը և 102-րդ ռազմաբազան:
Բոլորին է հայտնի, որ ռուսները երբեք էլ չեն վարել հայանպաստ քաղաքականություն, այլ Հայաստանը նրանց համար մշտապես ընկալվել է որպես աշխարհաքաղաքական ազդեցության տարածք: Այդ կոնտեքստում ՀՀ իշխանությունները երբեք էլ չեն հակադրվել ռուսներին, իսկ հասարակության ճնշող մեծամասնությունը անտարբեր վերաբերմունք է ունեցել ռուսական կամայականությունների նկատմամբ: Շարքային քաղաքացիների այս վերաբերմունքը մշտապես բացատրվել է իշխանությունների կողմից առաջ քաշած պետության անվտանգության ապահովման կեղծ թեզով, որը չի դիմանում ոչ մի քննադատության: Բայց Գյումրիի հայտնի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունը արդեն բախվում է մի լրջագույն խնդրի հետ, այն է՝ Հայաստանի շարքային քաղաքացիները այլևս հակակրանքով են լցված ռուսական զորքերի նկատմամբ, և առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք պատրաստ կլինեն հանրապետության տարածքից վռնդել օտարերկրյա ամենավերջին զինվորին:
Ժողովրդական տրամադրությունների և ռազմաբազայի լինելիության հարցի հետ կապված վերոհիշյալ վերլուծությունը կարող է մի փոքր անիրական թվալ և տրամաբանորեն կարող է ի հայտ գալ այն հարցադրումը, թե ինչպես փոքրիկ Հայաստանը պետք է կարողանա իր տարածքից դուրս հանել միջուկային գերտերություն համարվող Ռուսաստանի զորքերը:
Պատասխանը միանշանակ է. պատմական պրակտիկան փաստում է, որ գերտերությունները որքան էլ որ զորեղ և անպարտելի լինեն, որպես կանոն, չեն կարողանում որևէ էական հաջողությունների հասնել այն երկրների տարածքում, որտեղ ժողովուրդը լցված է ատելությամբ և թշնամանքով:
Նշենք, որ 102-րդ ռազմաբազան ռուսական ռազմաքաղաքական այն կարևորագույն կենտրոններից մեկն է, որը դեռևս շարունակում է կանգնած մնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ, և որի դուրս բերումը կնշանակի ուղղակիորեն ամորձատել Ռուսաստանին: Այս ամենը ժամանակին շատ լավ գիտակցում էին ՀՀ իշխանությունները և (ինչպես իր հոդվածներից մեկում իրավացիորեն նկատել է Արա Հարությունյանը) կարող էին ռուսական իշխանություններին լրջագույն զիջումներ պարտադրել, բայց, ինչպես տեսնում ենք, նրանք Հայաստանի տարածքը, ըստ էության, առանց որևէ էական նախապայմանի 40 տարով նվիրեցին ռուսական զորքերին: Բայց վերջին իրադարձություններից հետո շարքային գյումրեցիները կարծես թե կասկածի տակ դրեցին սեփական իշխանությունների՝ ռուսներին սկուտեղի վրա մատուցած նվերի վավերականությունը:
Վերոհիշյալ տրամադրությունները անկասկած դեռ հեռու են քաղաքական ինստիտուցիոնալ գործընթացի վերածվելու հնարավորություններից: Իսկ դառնալու դեպքում էլ ամենևին էլ չի ենթադրվում ժողովրդական հուզումները օգտագործել հակառուսական հիստերիա հրահրելու նպատակով, այլ, ընդհակառակը, ունենալով ժողովրդի ամբողջական աջակցությունը՝ հետևողականորեն իրականացնել հետևյալ քայլերը.
1. Չեզոքացնել Ռուսաստանի ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորությունները:
2. Արտաքին ուժերի հավասարակշռության արդյունքում հասնել ինքնիշխանության:
3. Հեռացնել ռազմաբազան կամ պահպանելու դեպքում Ռուսաստանից կորզել զիջումներ:
Իհարկե, բոլոր խնդիրների համար կան բազմաթիվ լուծումներ, բայց դրանք կմնան չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ դատախազությունը Հայաստանի կենսական նշանակություն ունեցող խնդիրների համար հղում է կատարում ՌԴ սահմանադրությանը:
Կարպիս ՓաշոյանOrer.am