ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը:
Այդ մասին հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Ամերիկայի հայ դատի գրասենյակի Արևմտյան ափի մասնաճյուղի հայտարարությունը: Կառույցն իր շնորհակալությունն է հայտնել Կալիֆոռնիայի սենատին:
Իր բացման ելույթում սենատի նախագահ դե Լեոնը նշել է, որ «այս շրջանում էթնիկ հայերը մեծ տառապանքներ են կրել և արժանի են ազատ ու անկախ հայրենիքի, որտեղ ենթակա չեն լինի հալածանքների վտանգի»: Նկատելով, որ Կալիֆոռնիան կարող է նպաստել աշխարհում փոփոխություններ հաստատելուն՝ նա կոչ է արել սենատորներին իրենց քվեով սատարել ժողովրդավարությանը, ազատությանը, նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը:
Կալիֆոռնիայի սենատը AJR 32 բանաձևն ընդունել էր մայիսին՝ ձայների մեծամասնությամբ:
Աղբյուրը նշում է, որ Կալիֆոռնիայում տասնյակ հազարավոր հայեր են բնակվում, այդ թվում Սումգայիթում (1988), Կիրովաբադում (1988) ու Բաքվում (1990) հայերի ջարդերից փրկվածներ:
Այս ճանաչումով Կալիֆոռնիան միանում է Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգներին, որոնց օրենսդիր մարմինները ևս ճանաչել են Արցախի անկախությունը: