ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նախարար նշանակվելուց օրեր անց իր ուշադրության կենտրոնում է հայտնվել այդ ընթացքում մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, և քրեակատարողականների բժիշկները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել բոլորին:
Հուշագիրը միտված է լրացնելու այս բացը:
Գեղեցիկ է հնչում, անշուշտ, երբ պարոն նախարարը հոգին տարոսիկների պես բացել է և բաժանում է կալանավորներին: Պարզապես զարմանում եմ, թե ոնց պարոն նախարարի ուշադրությանը չեն արժանանում այնպիսի «չնչին» մանրուքներ, ինչպիսին գերբեռնված խցերն ու «սմենով» քնող կալանավորները, նրանց իրավունքների բազմակի խախտումները քրեակատարողական հիմնարկներում, տեսակցությունները հեռախոսախցիկներից դուրս կազմակերպելու համար առանց ՀԴՄ կտրոնի «գանձվող» գումարները...
Այս բոլոր դեպքերի համար, պարոն նախարար, երևի նորանոր պայմանագրեր կնքեք: Ասենք քրեակատարողական հիմնարկներ ուղարկեք նորանոր կոռուպցիոներների, որպեսզի կալանավորներն ու նրանց հարազատները «մուծվելու» առավել լայն շրջանակ ունենան և այս ու այն տեղ ծանոթներ չփնտրեն: Ուղարկեք այնտեղ առավել գռեհիկ դեմքերի, ովքեր քաղաքացիների հետ կշփվեն ժանրի կանոններով՝ առավել զզվելի զգացողություններ պարգևելով: Եվ ընդհանրապես, լավ կլիներ, որ ՔՀԿ-ների իրական վիճակի մասին ոչ թե մամուլի հրապարակումներից, այլև ձեր պաշտոնեական գործիքների միջոցով տեղեկանայիք:
Ի վերջո, այսօր դուք «գյաջ» եք քսում մի այնպիսի հոտած ու գարշելի համակարգի, որը պետք է փոխել հիմնավորապես: Գործուն քայլերի փոխարեն պուպուշ ելույթներ եք ունենում՝ շարունակելով համակարգում պահպանել դեռ խորհրդային տարիներից բուրող կռիսահոտը:
Թերևս, ձեզ համար իմիջային առումով առավել հետաքրքիր լուծում կլիներ, եթե մի փոքր աշխատեիք... Շատ չէ, մի փոքր... Թե չէ ֆեյսբուքյան ակտիվությունը գնայուն է, քրեակատարողականների կռիսահոտը՝ մնայուն....
Վարուժան Բաբաջանյան