Ադրբեջանցի իրավապաշտպան, «Ընդդեմ խոշտանգումների» հասարակական կազմակերպության նախագահ Էլչին Բեհբութովը հայտարարել է, որ հայ գերի Արսեն Բաղդասարյանը ցանկանում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:
Այս հայտարարության հետ կպաված Orer.am-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ հայկական կողմի համար նորություն չէ այն, որ ադրբեջանական կողմը միշտ խեղաթյուրում է պատմությունը:
«Մեզ համար նորություն չէ այն փաստը, որ ադրբեջանական կողմը միշտ էլ խեղաթյուրել է դեպքերի իրականությունը: Այս դեպքում ևս ոչինչ հստակ ասել չենք կարող, հնարավոր է, որ դեպքը ներկայացվում է այլ ձևով, իսկ իրականությունն ընդհանրապես այլ է»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ին, ադրբեջանական զինուժը կանխել էր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, ինչի հետևանքով զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է. ավելի ուշ պաշտպանության բանակը հերքեց դիվերսիայի մասին լուրը` նշելով, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: