Թուրքական «Ոչ ասա ռասիզմին» («Դուրդե») կազմակերպությունը Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպել է քննարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «1915-2015. Հայոց ցեղասպանություն. 100 տարվա առերերսում» խորագիրը կրող քննարկմանը խոսել են Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը, ինչ պես նաև թուրքական բանակում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի ծնողները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Էթքին» լրատվական գործակալությունը:
Իր ելույթում «Ակոս» պարբերականի խմբագիր Եդվարդ Դանզիկյանը փաստել է, որ Հայոց ցեղասպանությունը նախապես ծրագրավորված, պատճառահետևանքային կապ ունեցող գործողություն է եղել, որն իրականացրել է երիտթուրքական «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը, իսկ այնուհետև որդեգրվել հանրապետական Թուրքիայի կողմից: «Ցեղասպանության պարագլուխները փախան, սակայն նրանց հետևորդ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը շարունակեց այդ կոտորածը»,- ասել է Դանզիկյանը` փաստելով, որ թեպետ անցել է արդեն հ արյուր տարի, պետությունը ոչ միայն հերքում է կատարվածը, այլև մեղավորի կարգավիճակում է փորձում ներկայացնել հայերին: Խմբագիրը նշել է, որ, ըստ էության, ՀԺԿ կուսակցության վարած քաղաքականությունն այլ ձևաչափով մեր օրերում շարունակում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
Անդրադառնալով Թուրքիայի իշխող շրջանակների կողմից վերջին շրջանում հաճախակի առաջ քաշվող այն տեսակետին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է հայկական սփյուռքը` Դանզիկյանն ընդգծել է, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարում հայերը հայտնվել են նոր ճնշման քաղաքականության տակ: Նա նշել է, որ իրենք անգամ չէին էլ կարող ենթադրել, որ պաշտոնական Անկարան Չանաքքալեի արարողությունները կիրականացնի ապրիլի 24-ին` Ցեղասպանության տարելիցի օրը, դեռ մի բան էլ ավելի, դրանց հրավիրելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Հրանտին սպանած մտածելակերպը 1915-ն իրականացնողն էր և այն դեռ շարունակվում է: Այս պահին Թուրքիայում հայերը մի վիճակում են, երբ չեն կարողանում խոսել, 100-րդ տարում անգամ բերանը բացելիս ստիպված են քառասուն անգամ մտածել»,- փաստել է Դանզիկյանը: