Մի տեսակ շատ-շատ են մեր քաղաքական դաշտում զուգատիպությունները, ինչը մտածելու տեղիք է տալիս: Տեսեք, փետրվարի 18-ին Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ով հայտնի էր որպես Կիևի «մայդանում» թեյ ու թխվածքաբլիթ բաժանող, մի խոսքով՝ պրոֆեսիոնալ սադրող և գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաների հմուտ մասնագետ: Եվ ահա, նա փետրվարի 18-ին գալիս է, իսկ փետրվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի հանրահավաքն է:
Հանրահավաքի անցկացումն էլ քաղաքապետարանի կողմից մերժվել է, սակայն չեմ կարծում, թե դա կկանգնեցնի Ծառուկյանին, իսկ չարտոնված հանրահավաքն ավելի պայթյունավտանգ է: Բացի հանրահավաքն արգելվելուց, զինաթափվում է նաև Ծառուկյանի թիկնազորը, դրան գումարած՝ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը կազմակերպող գլխավոր կասկածյալը դառնում է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդին, որն էլ հարցաքննվելուց հետո մեկնում է Հայաստանից, ինչը ցույց է տալիս, որ կասկածներն անտեղի չէին: Դրան ավելացնեմ, որ Ծառուկյանն էլ օրեր առաջ մեկնել էր Մոսկվա, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ մեկնումն անպտուղ էր անցել և լուրջ հանդիպումներ ունենալ չէր ստացվել:
Հիմա կփորձեմ ցույց տալ այս ամենի միջև եղած կապը: Մոսկվայում Ծառուկյանի պլանավորած հանդիպումները կարող էին լինել պլան Ա-ն, որը հավանաբար չաշխատեց: Իսկ երբ պլան Ա-ն չի աշխատում, օգնության է գալիս պլան Բ-ն՝ դառնալ Արևմուտքի կողմից արդեն իսկ ծրագրված և արևմտամետ ակտիվիստների, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» միջոցով նախապատրաստվող՝ «հայկական մայդան»-ի բաղադրիչը, ընդ որում՝ գլխավոր դերերից մեկը ստանձնելով: Խոսքս հայկական Պորոշենկոյի` օլիգարխ-հեղափոխականի դերի մասին է:
Ծառուկյանի հանրահավաքի և Նուլանդի այցի հնարավոր կապն արդեն հասկանալի է, թե ինչով կարող է պայմանավորված լինել: Նուլանդը նաև Կիևում էր այնտեղի իրադարձությունների ժամանակ: Ի դեպ, հիշենք, որ ավելի ուշ պարզվեց և տարբեր լրատվամիջոցներով բազմիցս ասվեց այն մասին, որ Կիևի «մայդանի» առաջին զոհերը չէին սպանվել բերկուտցիների գնդակներից: Եվ դա տրամաբանական է, քանի որ դժվար թե ուկրաինական «Բերկուտի» ջոկատայինները կրակեին որսորդական հրացաններից: Այսինքն, «մայդանը» կազմակերպողներն իրենք էլ եղան առաջին զոհերի հեղինակները, կազմակերպեցին այդ հրեշավոր սադրանքը, որից հետո էլ հերոսացրեցին մի քանիսին, այդ թվում՝ հայազգի Սերգեյ Նիգոյանին: Ընդ որում, լայնամասշտաբ գործողության ժամանակ սպանվելով հերոսանալուն կարող է նախորդել նախապատրաստական փուլում տարբեր ակցիաների ժամանակ ծեծվելով հերոսանալը: Եվ այստեղ տեղափոխվում ենք Հայաստան` վերադառնալով Արտակ Խաչատրյանի ծեծին: Եթե Աբրահամ Մանուկյանի և նրա որդու՝ այս գործում խառը լինելու վարկածը ճիշտ է (իսկ ամեն ինչ դեպի դա է տանում), ուրեմն ստացվում է, որ ԲՀԿ-ն ծեծեց իր ակտիվիստին, հետո էլ փորձեց հերոսացնե՞լ: Հիշենք նաև, որ կոնկրետ այդ ծեծի արձագանքը մի տեսակ արհեստական էր, շատ ավելի աղմկոտ, քան նախորդ ակտիվիստների և ազատամարտիկների ծեծերի ժամանակ: Այսինքն, նոր հերոսներ կերտելու գործընթացը հնարավոր է արդեն կա, իսկ եթե քաղաքական ուժը ընդունակ է ծեծի ենթարկել սեփական ակտիվիստին՝ փորձելով դա բարդել իշխանությունների վրա, ապա նման քաղաքական ուժից ավելին էլ կարելի է ակնկալել: Օրինակ` լայնամասշտաբ գործողության ժամանակ կարող են և զոհեր լինել՝ իբրև թե ոստիկանների կամ հատուկջոկատայինների արձակած կրակոցներից:
Իշխանությունն էլ այդքան միամիտ չէ, որ այսքանը չհասկանա, չհաշվարկի, և կարծում եմ` պատահականություն չէր նաև, որ երեկ զինաթափվեց Ծառուկյանի թիկնազորը: Սա ընդամենը հնարավոր վտանգների կանխարգելման միջոց էր, ամսի 20-ի հանրահավաքը չարտոնելը՝ միգուցե նույնպես:
Ահա և հնարավոր կապը: Իսկ դուք ասում եք, թե թեյն ու «պեչենին» կարող են անվճար բաժանվել` ելնելով նաև բարի կամքի դրսևորումներից: Այդպես չի լինում, սիրելիներս, ձրի պանիրը միայն մկան թակարդում է:
Կարեն Վարդանյան