Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ավելի է գրգռվում որոշ գրանտասունների ախորժակը: Ընդ որում, գրանտասունները, որպես կանոն, փորձում են միշտ հաճելին համատեղել օգտակարի հետ, այսինքն՝ «հարամը» համատեղվում է լրացուցիչ դրամաշնորհների հետ:
Խոսքս Աֆրիկայում գործող «Բոկո Հարամի» մասին չէ, այլ մեր՝ հայկական «հարամչիների», որոնց առաջարկում եմ պայմանականորեն անվանել «Գրանտ Հարամ», և որոնց նպատակը Հայոց ցեղասպանության 100-ամյակը հարամելն է: Եվ այդ առաքելությունը, իհարկե, ֆինանսավորվում է արևմտյան հիմնադրամների կողմից, քանի որ «հարամչիների» ողջ գործունեությունն է հովանավորվում արևմտյան հիմնադրամներից:
Հարամչիները նախկինում էլ կային, գործում էին, ադրբեջանցիների հանդեպ իրենց ունեցած առանձնահատուկ սերը կամ, միգուցե, «սեռա-հոգեկան շեղումներն» էին ցուցադրում, ներողություններ էին խնդրում և զբաղվում իրենց «հարամչի» գործունեությամբ: Բայց նրանք շատ լավ գիտեն, թե երբ է գալիս ակտիվանալու պահը, և հիմա այդ պահն է: Ու միանգամից իրեն վտարանդի հռչակած և ներկայումս Շվեդիայում բնակվող ոմն Վահե Ավետյան, որը տարիներ առաջ արդեն հասցրել էր իր տեսակի մեկ այլ ներկայացուցիչ Գեորգի Վանյանի հետ ներողություն հայցել ադրբեջանցիներից Խոջալուի ջարդերի համար, նորից հիշում է այդ մասին և հավանաբար մտահոգվելով, որ ադրբեջանցիները միգուցե լավ չեն ներել, օրերս կրկին հանդես է գալիս նման հայտարարությամբ:
Աղմուկը պատրաստ է, հազարավոր ադրբեջանցիներ՝ ոգևորված, իսկ վտարանդիի ներողությունից վրդովված հայերն էլ՝ որակված որպես «ֆաշիստներ»: Եվ շղթայական ռեակցիա է սկսվում, զարթնում են «Գրանտ Հարամի» մյուս վտարանդիները՝ Ֆրանսիայում բնակվող գրող Ալեքսանդր Վարպետյանը, որը միանում է ադրբեջանցիներից Խոջալուի համար ներողություն խնդրող Վահե Ավետյանին՝ իր շուրջը կրկին ձևավորելով նույն մթնոլորտը: Գրանտները հոսում են, իսկ վիրուսի տարածումն ավելի է ընդլայնվում, և մեկ այլ վտարանդի՝ ամերիկաբնակ ոմն Արմեն Մելիքյան, որը ֆեյսբուքում տարիներ շարունակ վարել է «Հայ կրոնի հեղափոխություն» էջը, ոչ միայն միանում է հարամչիների նախաձեռնությանը, այլև հրապարակավ հայհոյում Ցեղասպանության հիշատակը:
Եվ սրանք այն մարդիկ են, ովքեր դժգոհում են, թե իբր հալածվում են ՀՀ իշխանությունների կողմից, և որ իրենց չեն թողնում Հայաստան ոտք դնել: Երկրորդը, իմ կարծիքով, լիովին արդարացի է, իսկ ինչ վերաբերում է իբրև թե հալածվելուն, դրան ես համաձայն չեմ, քանի որ գտնում եմ՝ մեր իշխանությունները չափից ավելի մեղմ են վարվել նրանց հետ՝ ընդամենը դարձնելով վտարանդի, այնինչ արդարացի կլիներ պետական դավաճանության մեղադրանքով պատժել օրենքով սահմանված կարգով:
Դեռևս, իհարկե, չի հնչել «Գրանտ Հարամի» մեկ այլ ներկայացուցիչ, ոչ վտարանդի, բայց միգուցե վտարանդի դառնալ երազող Գեորգի Վանյանի հերթական ներողությունը ադրբեջանցիներից, բայց կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է: Մնում է միայն հասկանալ, թե իրականում որն է ավելի «հարամ»՝ «Բոկո Հարա՞մը», թե՞ մեր հայկական «Գրանտ Հարամը»:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան