Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ անցած գիշեր Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում գտնվող մատուռում դի է հայտնաբերվել: Սույն տեղեկատվությունը հաստատել է Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանը: Նա նշել է, որ դին հայտնաբերվել է Քեթի տանող ճանապարհին: Նշենք, որ գյումրեցիները տեղի ունեցած միջադեպի համար առաջ են քաշում սպանության վարկածը` այն կապելով մեկ օր առաջ Գյումրիում հնչած կրակոցների հետ:
Թե ինչ է տեղի ունեցել իրականում` կապացուցի նախաքննական մարմինը, իսկ թե կարելի՞ է այս ամենը Հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի դեմ ուղղված հերթական սադրանք համարել` ապրլի 24-ին ընդառաջ, Orer.am-ը ճշտեց Տեր Եսայի քահանա Արթենյանից. «Ամեն մարդու կորուստ ցավալի է ու ողբերգական, մենք մշտապես մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ այդ մարդիկ իրենց խաղաղությունը գտնեն, եթե սպանություն է տեղի ունեցածը, ապա, բնականաբար, այլ վերաբերմունքի եւ դատապարտության առիթ է: Մենք նախ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցածը եւ հետո վերաբերմունք արտահայտենք. քանի դեռ փաստի մասին չի խոսվել, եւ հարցն էլ վերաբերում է որեւէ մատուռի կամ եկեղեցու, ուստի կարծում եմ, որ նման պարագայում պետք է սպասել նախաքննության ավարտին եւ լսել հստակ պաշտոնական դիրքորոշում: Հատկապես հիմա ենթադրություններ անել ու վարկածներ առաջ քաշել պետք չէ, քանի որ այդ ամենն ավելորդ կխճճի դրությունը»:
Տեր Եսային մեզ հետ զրույցում նշեց, որ չի հիշում նմանատիպ դեպք, որը իրականացված կլիներ հայաստանյան սրբավայրերից որևէ մեկում:
Արթենյանը` անդրադառնալով մոտ մեկ տարի առաջ Իջեւան քաղաքի «Սուրբ Ներսես Շնորհալի» եկեղեցու մուտքի դռներն այլանդակելուն եւ խոհանոցային դանակով եկեղեցու դռան զարդաքանդակ թուրն ու կշեռքը պոկելուն, նշեց.
«Երբեմն հնարավոր են նման բաներ: Մենք չենք բացառում, որ մարդիկ կարող են նման ոտնձգություններ կատարել: Կարող եմ ասել, որ դա անհավատության եւ չարության հետեւանք է»:
Տեր Եսային` քննադատելով սուրբ եկեղեցու նկատմամբ ցանկացած ոտնձգություն եւ վանդալիզմի դրսեւորում, այնուամենայնիվ, չցանկացավ տեղի ունեցած իրադարձությունները վերագրել աղանդավորական շարժման մասնակիցների չարագործություններին. «Ես ինքս ուրախ չեմ, որ Հայաստանում աղանդավորներ կան, սակայն այդքան էլ ճիշտ չէ, որ առանց փաստերի առկայության ամեն ինչ բարդենք աղանդավորների վրա, չէ որ նրանք մեր ազգականներն են, ովքեր ապրում են մեր կողքին, մեր հողի վրա»,- ասաց Արթենյանը:
Սոսե Չանդոյան