Ադրբեջանի իշխանությունն ամեն օր ավելի է մերկացվում, միջազգային հրապարակում կորցնում հեղինակությունը և շարունակում Ադրբեջանը տանել դեպի անդունդ: Ներքին և արտաքին քաղաքականության մեջ ստեղծված հսկայական ճահճից հետևություն անելու փոխարեն, իշխանությունը կառչում է անմիտ փաստարկներից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլիգ»-ը:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի հետ կապված քննադատական զեկույցները, միջազգային մամուլի խիստ հոդվածները, կոռուպցիայի հետ կապված լրագրողների հետազոտությունները իշխանությունները երկար ժամանակ ներկայացնում են որպես հայկական լոբբիի պատվեր:
«Բանն այնտեղ էր հասել, որ աշխարհի որ կողմում էլ Ադրբեջանի հետ կապված քննադատական կարծիք արտահայտվեր, իշխանության ներկայացուցիչները դա փաստարկում էին որպես «հայկական լոբբիից ֆինանսավորվողներ»: Նույնիսկ ասում էին, թե Բարաք Օբաման էլ է ղեկավարվում հայկական լոբբիի կողմից: Միևնույն ժամանակ երկրի ներսում ընդդիմության գործունեության մասին էլ էին ասում, թե այն «դրամաշնորհ է ստանում հայկական լոբբիից»: Երկրի ղեկավարից սկսած մինչև պատգամավոր ամեն օր միաբերան հայտարարում էին, թե «Հայաստանում սով է», իշխանական հեռուստաալիքներն էլ հայտնում էին, թե «Հայաստանը չքավորության գագաթնակետին է հասել»: Այսինքն, իրենք իրենց իսկ բերած «փաստարկները» ժխտում էին: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե սովից մեռնող Հայաստանը ղեկավարում է ամբողջ աշխարհը, ֆինանսավորում միջազգային կազմակերպությունները: Նման «փաստարկներով» իշխանությունը, փաստորեն, խոստովանում էր, որ արտաքին քաղաքականության մեջ պարտվել է Հայաստանին», -գրում է թերթը:
«Ազադլիգ»-ը նշում է, որ Ադրբեջանի իշխանության' սեփական ժողովրդի, ընդդիմադիր հայացքներով մարդկանց դեմ բռնաճնշումները միջազգային կազմակերպությունների կողմից քննադատությունները, դրա հետ կապված' Եվրոխաղերից առաջ Ադրբեջանի դեմ միջազգային արշավ սկսվելը, բոյկոտի կոչեր հնչեցվելը ևս իշխանությունը փորձեց հիմնավորել հայկական «փաստարկով»:
«Բայց վերջին օրերին կառավարությունը նոր «փաստարկ» գտավ: Վերջապես հասկացան, որ հայկական «փաստարկն» անգամ երկրի ներսում են ծիծաղելի համարում, և այդ պատճառով այժմ էլ «խաղադրույք» են դրել «իսլամատյացության» վրա: Իբր, Ադրբեջանի դեմ արշավը, քննադատական կարծիքները իսլամատյաց շրջանակների գործն են: Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի հեղինակավոր հրատարակությունների և միջազգային կազմակերպությունների' կոռուպցիայի և իրավապաշտպանների հետապնդումների հետ կապված փաստերի վրա հիմնված քննադատական հոդվածներն իշխանո ւթյունները կապում են իսլամատյացության հետ, ինչը միանշանակ աբսուրդ է, քանի որ դրա վկան է նաև ադրբեջանական ժողովուրդը: Հակառակը, իշխանությունների կատարած այդ քայլերը իսլամատյացների օգտին են: Այս նույն Ադրբեջանում հիջաբով աղջիկներին դպրոց չեն թողնում, հեղինակավոր աստվածաբանները շինծու մեղադրանքներով հայտնվում են ճաղերի հետևում և համալրում քաղբանտարկյալների շարքը», -շարունակում է թերթը:
Թերթը նշում է, որ Ադրբեջանի իշխանության «իսլամատյաց» փաստարկը հայկական «փաստարկից» ավելի խայտառակ է:
«Նորմալ մտածողությամբ յուրաքանչյուր անձ հասկանում է, որ քաղաքացուն չհարգելու, կոռուպցիայից չհրաժարվելու, երկրի հարստությունները թալանելու, իշխանական աթոռը հավերժ զավթելու համար է իշխանությունը թշնամացել ամբողջ աշխարհի հետ:
Մի խոսքով, այդ բացահայտ ճշմարտությունները խոստովանելու, հետևություն անելու փոխարեն, իշխանությունը հերթական ծիծաղելի նոր «գաղափարն» է արտադրել», -ամփոփում է «Ազադլիգ»-ը: