Հնդկաստանում աճում է երկաթուղային վթարի զոհերի թիվը
Международные новостиՀնդկաստանի հյուսիսում ռելսերից գնացքի դուրս ընկնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 26-ի, եւս 50-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ութար Փրադեշի նահանգի ոստիկանության եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչները:
Ավելի վաղ հնդկական International Business Times թերթը հաղորդել Էր 15 ուղեւորների զոհվելու մասին:
«Վագոններից դուրս են բերել 26 մարմին: Փրկարարները շարունակում են աշխատել տեղում»,-ասված Է «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության մեջ, որը վկայակոչել Է ոստիկանության ներկայացուցիչներին:
Տեղի իշխանության ներկայացուցիչներից մեկը նաեւ հայտնել Է, որ ավելի քան 50 մարդ վերքեր են ստացել:
Դեհրադուն-Վարանասի երթուղով ընթացող մարդատար գնացքի երեք վագոններ ռելսերից դուրս են ընկել ՈՒթար Փրադեշի նահանգի Ռայ-Բարելի օկրուգում: Մասնագետները դիտարկում են վթարի երկու հիմնական վարկած՝ մեքենավարի սխալը եւ արգելակման համակարգի հետ կապված խնդիրները:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, կառավարությունը 200 հազար ռուփիի (ավելի քան 3 հազար դոլար) փոխհատուցում կվճարի զոհվածների ընտանիքներին եւ 300-ից մինչեւ 800 դոլար՝ տուժածներին՝ կախված նրանց ստացած վերքերի ծանրության աստիճանից: