Սինգապուրի իշխանությունները բնակիչներին խնդրում են հերթ չկանգնել «հիմնադիր-հորը» հրաժեշտ տալու համար
Международные новостиՍինգապուրի խիշանությունները դիմել են բնակիչներին՝ խնդրելով հերթ չկանգնել առաջին վարչապետ Լի Կուան Յուին հրաժեշտ տալու նպատակով խորհրդարանի շենք մտնելու համար: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, տեղական ժամանակով ժամը 08:00-ի (Երևանի ժամանակով ժամը 04:00-ի) դրությամբ սպասելու ժամանակը կազմել է առնվազն ութ ժամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Խնդրում ենք հետևել հետագա տեղեկատվությանը, սակայն այս պահին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ խորհրդարան մտնելու մտադրությունից»,- նշված է կառավարության հայտարարության մեջ:
Լի Կուան Յուի հետ հրաժեշտի արարողությունն սկսվել է մարտի 25-ին, մարդկանց վիթխարի կուտակման պատճառով իշխանությունները հարկադրված են եղել խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը դարձնել շուրջօրյա: Դեռ ավելին, մարտի լույս 26-ի գիշերը մետրոպոլիտենն աշխատել է շուրջօրյա: Չնայած կիզիչ արևին, օդի ջերմաստիճանին, որը հասնում է պլյուս 34-ի, տասնյակ հազարավոր սինգապուրցիներ գնում են հարգանքի տուրքը մատուցելու Սինգապուրի «հիմնադիր-հոր» հիշատակին: Ամեն օր հարյուրավոր կամավորներ ջուր, կերակուր, արևից պաշտպանող հովանոցներ են բաժանում մարդկանց:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Լի Կուան Յուի հուղարկավորությունը նշանակված է մարտի 29-ին, պաշտոնական մասը տեղի կունենա Ազգային համալսարանի մշակույթի կենտրոնում, որտեղ ներկա կլինեն սոսկ մերձավորները, կառավարության անդամները, ինչպես նաև արտասահմանյան պետությունների ներկայացուցիչներ: