ԻՊ-ն վերահսկում է Դամասկոսի Յարմուք ճամբարի մեծ մասը
Международные новости«Իսլամական պետությունը» վերահսկողություն է հաստատել Դամասկոսի հարավում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբարի մեծ մասի վրա:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, իսլամիստները կոտրել են զինված այլ խմբավորումների դիմադրությունը, և բախումներ են սկսվել նրանց հետ: Բախումների հետևանքով «Բեյթ ալ Մակդաս» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել: ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց ձեռքն են վերցրել Յարմուք ճամբարի ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կետերը:
Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ գրասենյակի անդամ Անուար Ռաջան նշել է, որ ճամբարում տեղի ունեցող զարգացումները բավական վտանգավոր են, ապա պարզաբանել, որ ճամբարն ավելի քան երկու տարի ավերվում է, իսկ բնակիչները` տեղահանվում: Նա պաղեստինյան խմբավորումներին կոչ է արել միասնական ուժերով հանդես գալ՝ մաքրելու ճամբարը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետությունը» ներխուժել է Դամասկոսի մերձակայքում գտնվող Յարմուք պաղեստինցի փախստականների ճամբար: Ահաբեկիչներն այնտեղ մուտք են գործել Հաջր ալ Ասուադ շրջանից:
Սիրիական բանակը նախօրեին ամբողջությամբ վերահսկողություն էր հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանիի արևմտյան լեռների վրա՝ այնտեղ ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերջին հավաքատեղիները: