ՍԴ-ում առօրյա աշխատանքային վիճակ է. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, այլև բավականին բուռն կերպով զբաղված է ՍԴ ընթացիկ աշխատանքներով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս նա ՍԴ աշխատակազմի հետ հանդիպում է անցկացրել՝ նշելով, որ խուճապի մատնվելու կարիք ընդհանրապես չկա, ամեն ինչ ընթանում է օրինականության տիրույթում, և ՍԴ-ն պետք է շարունակի իր աշխատանքն առօրյա ռեժիմով։
Նախօրեին Թովմասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, երեկ էլ՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Թովմասյանը Գերմանիայի դեսպանին հայտնել է, որ նախապատրաստվում է 2020 թվականի սկզբին իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։
Տեղեկություն կա նաև, որ դեսպանը հետաքրքրվել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումների մասին, սակայն Թովմասյանը դիվանագիտորեն շրջանցել է այդ հարցը՝ ասելով, որ ինքը քաղաքական ենթատեքստերով հարցերին չի խառնվում։
Նշենք, որ թերթի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին ցավոտ են ընդունել կառավարությունում, տեղեկություն կա նաև, որ երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ և մոտավորապես ասել, թե «էս ինչ կրակ դարձավ գլխներիս, դե, ասա, հիմա ինչ իրավական քայլեր ենք անելու, որ նորից հարվածի տակ չհայտնվենք»։
Ըստ նույն աղբյուրի, Գրիգորյանը որոշակի ժամանակ է խնդրել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում