Հայաստանը 2019-ի Ժողովրդավարության ինդեքսում 103-րդից բարձրացել է 86-րդ տեղը
ՔաղաքականՀայաստանում ժողովրդավարության իրավիճակը լավացել է, եւ երկիրը 2019թ․ էական քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ուղղությամբ։ Այս մասին են վկայում Ժողովրդավարության ամենամյա ինդեքսի 2019թ․ արդյունքները, որոնք հրապարակվել են The Economist Intelligence Unit-ում։ Հայաստանը, որը նախկինի պես ներառված է «հիբրիդային երկրների» խմբում, 103-րդ տեղից բարձրացել է 86-րդ տեղը։
Զեկույցի համաձայն, «հիբրիդային երկրներ» անվանակարգում 2019թ․ երկու երկրներ դեպի ժողովրդավարություն էական քայլեր են արել։ Դրանք են՝ Ուկրաինան եւ Հայաստանը։ Երկու երկրներում էլ անցկացվել են ընտրություններ, որոնք ազատ եւ արդար են ճանաչվել։ «Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանի ցուցանիշը 2017-ին 4,11-ից բարձրացել է 4,79՝ 2018-ին, քանի որ բարելավվել է կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, եւ աճել է քաղաքական համակարգի հանդեպ հանրության վստահությունը, հետագայում հասնելով 5,54-ի՝ 2019թ․, քանի որ այս բարելավումները համախմբվել են, եւ հանգիստ քաղաքական գործունեությունը հնարավոր է դարձել առանց կառավարության միջամտության»,- ասվում է զեկույցում։