Դեռեւս փակ են Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը. շուրջօրյա հերթապահություն է սահմանված
ՀասարակությունԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթեւեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար եւ 50 բեռնատար, իսկ Սիսիան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց, որից՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար եւ 35 մարդատար: Վեց ավտոբուսի ուղեւորները եղել են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ թվով 64 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հյուրանոցային համալիր:
Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:
ԱԻՆ-ը կրկին անգամ հորդորում է պահպանել զգուշություն ու շարունակել երթեւեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից եւ ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո: