Իրականում ի՞նչ կառուցվածք ունի Փաշինյանի հայտարարած 87 հազար «նոր աշխատատեղը». «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաև «Այո»-ի նախընտրական բուկլետում:
«Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաև այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր պետական եկամուտների կոմիտեին:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ:
Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների, 2019թ.-ի դեկտեմբերին 2018թ.-ի ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281ով:
Միևնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը և ազատումը դինամիկ գործընթաց է, և վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման և հարկային վարչարարության արդյունք»:
ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաև 2018թ.-ի ապրիլի դրությամբ և 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում