Երկու օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյան
LifestyleԵրկու օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյան
Armlur.am-ը գրում է․ օգոստոսի 9-ին հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյան ծննդյան օրն է։ Վաստակաշատ դերասանն այս տարի նշում է ծննդյան 78-ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատվելու մասին:
Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել, եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չի կարելի»:
Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, վաստակաշատ դերասանն ընդգծում է:
«Երկու օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում՝ հատուկ տավուշցիների համար: Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ամբողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել:
Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին: