Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան
ՔաղաքականՊատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «Հայաստանի պարտության ներքին պատճառները» վերտառությամբ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Դեռևս մեկ ամիս առաջ ավելի շատ ինքս ինձ համար պատրաստել էի մի նախնական համառոտ ամփոփում՝ Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության ներքին պատճառների մասին։ Որոշ լրացումներ ու շտկումներ կատարելուց հետո այն ներկայացնում եմ նաև հանրությանը, թեև ցանկն անավարտ է և կարիք ունի հետագա մշակման։ Պարտության արտաքին պատճառներն այս գրության մեջ չեն քննարկվում։
Բազմաթիվ տեղեկությունների և վերլուծությունների հիման վրա կառուցված կանխավարկածս այն է, որ պատերազմն ընթացել է նախապես մանրակրկիտորեն մշակված և ՀՀ ղեկավարության հետ համաձայնեցված սցենարով, որի վերջնարդյունքը պետք է լիներ Շուշիի անկումը, ՀՀ խայտառակ կապիտուլյացիան, նրա կենսունակության և ինքնիշխանության կորուստը, ռուսական զորքի մուտքն Արցախ, Սյունիքի գլխին կախված ադրբեջանա-թուրքական ամենօրյա առարկայական վտանգի մարմնացումը։ Հայկական կողմից այս վերջնարդյունքի ապահովումը կամա թե ակամա կատարել է ՀՀ ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունը։ Տարիներ շարունակ իրականացվել են հատուկ քայքայիչ միջոցառումներ, ընդ որում՝ և՛ նախապատերազմյան, և՛ պատերազմյան փուլերում։ Այժմ էլ դրանք չեն դադարել։
ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՓՈՒԼՆ ամբողջությամբ կառավարվում էր դրսից։ Հայաստանի Հանրապետության խամաճիկային ղեկավարությունը տարիներ շարունակ միտումնավոր արհամարհում էր պաշտպանության բնագավառում ակնհայտորեն անհրաժեշտ ռազմական, քաղաքական, տնտեսական ու քարոզչական քայլերն ու միջոցառումները։ Այսպես, ՀՀ դրածո ղեկավարներն ու կառավարությունները մեկը մյուսի հետևից՝
1. մատը մատին չխփեցին պատրաստելու համար բանակային մեծաքանակ պահեստազոր, որը պատերազմի առաջին իսկ 24-48 ժամվա ընթացքում կհամալրեր կանոնավոր բանակի շարքերը։
2. Նրանք չկառուցեցին ժամանակակից և որակյալ ամրաշինություններ ո՛չ արցախյան առաջնագծում, ո՛չ էլ ճակատի և ամբողջ երկրի խորությամբ։
3. Նրանք անտեսեցին թշնամու բանակի նորագույն սպառազինությունների հանրածանոթ ձեռքբերումները և անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեցին՝ պատճառ բռնելով ֆինանսական միջոցների անբավարարությունը։
4. Նրանք տարիներով դիտավորյալ տապալեցին հայրենական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու զարգացումը։
5. Նրանք հանցավոր կերպով աչք փակեցին ոչ միայն Թուրքիայի կատաղի հակահայկական թշնամական քաղաքականության, այլև նախապատրաստվող ադրբեջանական ներխուժմանը թուրքական բանակի անմիջական մասնակցության հնարավորության վրա։
6. Հայկական բանակի սպայական կազմին, դիվանագիտական կորպուսին ու պետծառայողներին երբեք չբացատրեցին ազատագրված տարածքի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի կենսական ռազմավարական կարևորությունը։ Չպահանջեցին հանրության այդ վերնախավային շերտերից իրենց բոլոր ջանքերն ուղղել հայկական կողմի հողային իրավունքների պաշտպանության վրա։ Փոխարենը՝ նրանց բոլորին ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՄՇՏԱՊԵՍ քարոզվում էին «փոխզիջումային» լուծումներ, որոնցով նախատեսվում էր միակողմանիորեն Ադրբեջանին հանձնել ՀՀ ռազմական ու ռազմավարական անվտանգության ողնաշարը կազմող 5+2 շրջանները։ Այդ քարոզը, որին լծվել էին նաև պալատական «մտավորականները», համեմվում էր սերժական հայտնի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու նմանատիպ կապիտուլյանտական թեզերով։
7. Նրանք չկազմակերպեցին հայահավաք՝ զարկ չտվեցին հայրենադարձությանը, որպեսզի նաև, ամեն ինչից զատ, անհրաժեշտ պահին Հայկական բանակն ունենար բավարար քանակությամբ մարդուժ։ Ընդհակառակը՝ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվեց ու հայկական հեռուստաալիքներով տասնամյակներով քարոզվեց արտագաղթը իբրև թե հայրենիքին «դրսից ավելի արդյունավետորեն օգնելու» (ինքնա)խաբուսիկ դրույթը։
Ավելին՝ այստեղ