Ռոդ Այլենդի նահանգի նախկին նահանգապետը պաշտոնապես միացավ ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին
ՄիջազգայինՌոդ Այլենդի նահանգի նախկին նահանգապետ Լինկոլն Չեյֆին պաշտոնապես պայքարի մեջ է մտել ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար: Այդ մասին նա հայտնել է հունիսի 3-ին:
Առլինգտոնում (Վիրջինիայի նահանգ) ունեցած ելույթի ժամանակ նախկին նահանգապետը նշել է, որ ձգտելու է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից: Չեյֆին եղել է Հանրապետական կուսակցության անդամ եւ այդ կազմակերպությունից ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում, այնուհետեւ իրեն հայտարարել է անկախ քաղաքական գործիչ, իսկ 2013 թվականին հայտարարել է դեմոկրատների կուսակցությանը պատկանելու մասին: Նա միակ հանրապետական սենատորն էր, որը 2013 թվականին դեմ քվեարկեց Իրաքում ամերիկյան զորքերի օգտագործմանը:
Դեմոկրատների ճամբարում նախագահական հավակնությունների մասին հայտարարել են նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Մերիլենդի նահանգի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելին: Վերմոնտի նահանգից անկախ սենատոր Բեռնարդ Սանդերսը, որը ձեւականորեն չի պատկանում կուսակցություններից որեւէ մեկին, նույնպես հայտարարել է, որ հավակնում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից:
Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարին Հանրապետական կուսակցությունից մասնակցելու մրադրության մասին ավելի վաղ հայտարարել են սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն, Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Նյու Յորքի նահանգի նախկին նահանգապետ Ջորջ Պատակին, Փենսիլվանիայի նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը եւ Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ մասին կհայտնեն Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: