ԱՄՆ սենատորները մտահոգված են Ադրբեջանում խոսքի ազատության վիճակով
ՄիջազգայինԱՄՆ-ի 16 սենատորներ օրերս նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում անհանգստություն են հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ խոսքի ազատության վիճակով:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, նամակում սենատորները դժգոհություն են հայտնել Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի եւ ԵԱՀԿ գրասենյակների փակվելու առնչությամբ:
Սենատորներն «Ազատություն» ռադիոյի գրասենյակի փակումն անվանել են «Ադրբեջանում խոսքի ազատության հալածանք»:
Նամակում ամերիկացի սենատորներն Ադրբեջանի իշխանություններին նաեւ կոչ են արել ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին, ընդդիմադիր ԶԼՄ-ների համար ազատ գործունեություն ապահովել, վերջ դնել քաղաքացիական հասարակության վրա ճնշմանը եւ դրանով վերացնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջեւ երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար խոչընդոտները:
Նամակը գրվել է սենատոր Ռիչարդ Դուրբինի նախաձեռնությամբ եւ ստորագրվել եւս 15 ԱՄՆ սենատորի կողմից: