Դավութօղլուն արդեն գիտի, թե երբ է նախագահից կոալիցիա կազմելու հանձնարարական ստանալու
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հուլիսի 9-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պաշտոնապես հանձնարարել իրեն կառավարություն կազմելու գործը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Դավութօղլուն հայտնել է մեջլիսում կուսակցության խմբակցության առաջ ունեցած ելույթի ժամանակ:
Վարչապետը հերքել է այն լուրերը, թե նախագահը մտածված և անհիմն կերպով հետաձգում է կառավարություն կազմելու հանձնարարական տալու գործընթացը՝ նշելով, որ ամեն բան տեղի է ունենում համաձայն երկրի սահմանադրության:
Դավութօղլուն տեղեկացրել է նաև, որ Էրդողանի կողմից համապատասխան հանձնարարականները ստանալուց հետո հանդիպելու է կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: