Բաքվում Յունուս ամուսինների գործով առաջին դատալսումը կկայանա հուլիսի 13-ին
ՄիջազգայինԱդրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու` պատմաբան-գիտնական Արիֆ Յունուսի դեմ քրեական գործով նախապատրաստական առաջին դատալսումը տեղի կունենա հուլիսի 13-ին Բաքվում:
«Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է Յունուսների փաստաբան Էլչին Ղամբարովը:
Ամուսինները մեղադրվում են «խոշոր չափերի խարդախության» մեջ, ինչի համար նրանց 12 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է սպառնում:
Բացի այդ, Լեյլա Յունուսը մեղադրվում է «ապօրին ի ձեռնարկատիրական գործունեության», «հարկերի վճարումից խուսափելու» մեջ:
Ամուսինների նկատմամբ նախնական հետաքննությունն ավարտվել էր հուլիսի 2-ին: «Պետական դավաճանության» հոդվածով երկուսի դեմ մեղադրանքներն առանձնացվել են որպես առանձին գործեր:
Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:
Էլչին Ղամբարովն այսօր ԶԼՄ-ներին հայտնել է, որ բանտի այն խցում, որտեղ պահվում է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, օդի ջերմությունը հասնում է 50 աստիճանի:«Եթե «եվրոպական չափանիշները» բանտախցերում ամռանը` տապ, իսկ ձմռանըցուրտ են նշանակում, ապա դա միայն մեկ անուն ունի` խոշտանգում», -նշել է Ղամբարովը:
Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերն են:
Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը` «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:
ԱՄՆ-ի 16 սենատորներ օրերս Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին կոչ են արել ազատ արձակել այդ երկրի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին, այդ թվում` Յունուս ամուսիններին:
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար ՆիլսՄուժնիեկսն Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դատական գործի առնչությամբ ապրիլին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Իր հայտարարության մեջ Մուժնիեկսը կրկին Ադրբեջանին մեղադրել է իրավապաշտպանների դեմ բռնաճնշումներ կիրառելու մեջ:
Հայտարարության մեջ ասվում է. «Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործը ցուցադրում է բռնաճնշումների այն պատկերը, որոնք ընդգրկել են Ադրբեջանը վերջին տարիներին,եւ որտեղ իրավապաշտպանները բռնաճնշումների են ենթարկվում օրենսդրականսահմանափակումների, հետագա քրեական հետապնդումներով ընտրովի գրոհներիմիջոցով, որոնք վստահություն չեն ներշնչում»: