Ադրբեջանում անշարժ գույքի շուկան մեկ երրորդով անկում է ապրել
ՄիջազգայինԱյս տարվա առաջին 5 ամիսներին Ադրբեջանում անշարժ գույքի շրջանառությունը 29,4 տոկոսով կրճատվել է: Պատկերը նույնն է նաեւ վերջին մեկ տարվա կտրվածքով. անշարժ գույքի շուկան մեկ երրորդով անկում է ապրել: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի կենտրոնական բանկի տվյալներով` երկրորդական շուկան կրճատվել է 33,4 տոկոսով: 2014 թվականի հունիսի համեմատ անշարժ գույքի վաճառքի գծով գործողություններում միջնորդների մասնաբաժինը, որի մեջ մտնում են անշարժ գույքի վաճառքի գործակալները, նոտարական գրասենյակները եւ բանկերը, կրճատվել է 39,4 տոկոսով:
Վերջին մեկ տարում Ադրբեջանում 10,8 տոկոսով կրճատվել է հիպոթեքային վարկավորումը: Հիպոթեքային վարկավորումն ամբողջությամբ կանգ էր առել 2015 թվականի փետրվարին ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի 35 տոկոսով արժեզրկումից հետո, իսկ հետո չնչին աշխուժացել էր:
Փորձագետներն Ադրբեջանում անշարժ գույքի շրջանառության անկումը կապում են նավթի համաշխարհային գների նվազման հետ:
«Փորձագետները նշում են անշարժ գույքի շուկայում ակտիվության եւ գնագոյացման մեջ հիպոթեքի կարեւորությունը: Վարկավորման հետագա նվազումը, ինչը խիստ հավանական է բանկային ցուցանիշների վատացման պայմաններում, օժանդակելու է անշարժ գույքի շուկայում գնանկմանը: Շուկայում գները սառել են Եվրոխաղերից հետո «հրաշքի» սպասումով: Սակայն, ճգնաժամից ելքը չի կարող լինել ինչպես 2009 թվականին, երբ ադրբեջանական տնտեսությունը վերելք էր ապրում: Այժմ հակառակ ընթացք է, եւ այդ պատճառով աշնանը պետք է սպասել գների նվազման հերթական ալիքին, երբ ֆինանսական միջոցների կարիք ունեցող քաղաքացիները կսկսեն ազատվել իրենց չիրացված ունեցվածքից», -հայտնում է գործակալությունը: