Թուրքիայի նախագահը մոլորեցնում է իր երկրում օտարերկրյա դեսպաններին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է փորձել մոլորեցնել իր երկրում օտարերկրյա դեսպաններին՝ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով հայկական «Ակոս» պարբերականը, մուսուլմանների սուրբ ամսվա՝ Ռամազանի հերթակ ան օրվա ավարտին մատուցված ընթրիքի ժամանակ Էրդողանն իր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ներկայությամբ կրկին փորձել է նենգափոխել պատմական իրականությունը:
Թուրքիայի նախագահը վերահաստատել է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը՝ հերթական անգամ անելով հայտարարություն այն մասին, թե իրենք կիսում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցավերը: Էրդողանը նշել է, թե Թուրքիան «հաստատակամ է 1915 թվականի դեպքերն ուսումնասիրելու նպատակով տարվելիք ակադեմիական աշխատանքների համար բոլոր արխիվները բացելու» հարցում: Էրդողանը չի զլացել այս անգամ ևս հայտարարել, որ խնդիրն «անհարկի քաղաքականացվում է»: