Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերադարձել է Վիեննա. իրանական խնդրի բանակցությունները շարունակվում են
ՄիջազգայինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը վերադարձել է Վիեննա՝ իրանական միջուկային խնդրի լուծման շուրջ «վեցնյակի»-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակելու համար: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆաբիուսը հետնամուտքով մտել է Palais Coburg հյուրանոց, որտեղ անցկացվում են բանակցությունները, այդպիսով խույս տալով լրագրողների հետ հանդիպումից և որևէ մեկնաբանություն տալուց:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը լքել էր Վիեննան հուլիսի 10-ի օրվա երկրորդ կեսին, որպեսզի վերադառանա Փարիզ և մասնակցի կլիմայական փոփոխություններին վերաբերող ասուլիսին:
Սպասվում է, որ հուլիսի 11-ին Վիեննա կժամանի նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը, ով ևս ժամանակավորապես լքել էր բանակցությունները նախորդ երեկոյան: Հեռանալով՝ նա հույս էր հայտնել, որ որոշ նախարարների բացակայությամբ բանակցողները 12 ժամվա ընթացքում կհասնեն առաջընթացի, որից հետո հնարավոր կլինի հստակորեն կանխորոշել Իրանի հարցով պայմանագրի ապագան:
Ներկա դրությամբ Վիեննայում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: