Եմենում հաստատված զինադադարը խախտվել է երկու ժամ անց
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ՄԱԿ-ի կողմից հումանիտար զինադադարի մասին հայտարարելուց երկու ժամ անց սկսել է կրակել Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Տեղի բնակիչները հայտնում են ուժեղ պայթյունների մասին:
Զինադադարի մասին հայտարարվել էր, որպեսզի օգնություն տրամադրվեր քաղաքի 21 միլիոն բնակչությանը, որն արդեն 3 ամիս է՝ քաղաքացիական պատերազմի և ռմբակոծությունների մեջ է: Հուլիսի 11-ի կեսգիշերին սկսված զինադադարը պետք է շարունակվեր մինչև մուսուլմանների համար սուրբ ամսվա՝ Ռամազանի ավարտը՝ հուլիսի 16-ը: Հակամարտող կողմերը տվել էին իրենց համաձայնությունը ժամանակավորապես ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնություն կար այն բանի առնչությամբ, որ զինադադարի ընթացքում դադարեցվելու էին ոչ միայն ցամաքային գործողությունները, այլև ռմբակոծությունը, որն ինքնաթիռներից իրականացնում էր Սաուդյան Արաբիան: