Ձերբակալություններ տարբեր երկրներում. Իրանական թմրանյութը Թուրքիայից եւ ՀՀ-ից տեղափոխել են Ճապոնիա
ՄիջազգայինՏարբեր երկրների ոստիկանությունները գործողություն են իրականացրել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող միջազգային հանցավոր խմբավորման դեմ, որն օգտագործել է չեխական եւ սլովակյան կուրիերներին՝ իրանական մետամֆետամինը Թուրքիայից եւ Հայաստանից Ճապոնիա հասցնելու համար։
Չեխիայի, Սլովակիայի, Թուրքիայի, Հայաստանի, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունները այդ գործի շրջանակներում համագործակցել են Ինտերպոլի եւ Եվրոպոլի հետ։
Ինչպես գրում է «The Prague Post»-ը, Չեխիայի ոստիկանության մամուլի քարտուղար Բարբորա Կուդլաչկովան հայտնել է, որ չեխ իրավապահները ձերբակալել են երեք մարդու։ Նա նշել է, որ հնարավոր են նոր ձերբակալությունները։ Կասկածյալներին սպառնում է մինչեւ 18 տարվա ազատազրկում։
Մետամֆետամինը գնվել է Իրանում։ Կուրիերները օդանավով Պրահայից եւ Վիեննայից մեկնել են Թուրքիա կամ Հայաստան, որտեղ հատուկ ճամպրուկներ են ստացել, որոնց մեջ հնարավոր է եղել մեկ կգ մետամֆետամին թաքցնել։ Դրանից հետո նրանք Աբու Դաբիով եւ Դուբայով մեկնել են Տոկիո։