Հունաստանը պատրաստ է փոխզիջման, համաձայնագիրը կարող է ձեռք բերվել հուլիսի 12-ին. Ցիպրաս
ՄիջազգայինՀունաստանը պատրաստ է փոխզիջման, այդ պատճառով վարկատուների հետ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել կիրակի օրը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ժամանելով եվրոյի գոտու վեհաժողովին, հաղորդում է ТАСС-ը:
«Ես պատրաստ եմ ևս մեկ փոխզիջման: Մենք կկարողանանք հասնել համաձայնության այսօր, եթե բոլորը դա ցանկանում են: Դա այն է, ինչ մենք պարտական ենք Եվրոպայի ժողովուրդներին»,- ասել է նա:
Եվրոյի գոտու պետությունների ղեկավարների վեհաժողովը կարող է սկսվել տեղի ժամանակով 18:00-ին, եթե մինչ այդ ավարտված լինի Եվրախմբի հանդիպումը:
Հանդիպմանը 19 երկրների ֆինանսների նախարարներ պետք է տրամադրեն երկրների ղեկավարներին Հունաստանի հետագա վարկավորման մասին համաձայնագիր կնքելու մասին կամ եվրոյի գոտուց հեռանալու մասին խորհրդատվություն:
Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ կիրակի օրը նախատեսված եվրոյի գոտու 19 երկրների ղեկավարների վեհաժողովը հետաձգվել է մինչև Եվրախմբի նիստի ավարտը, իսկ ԵՄ պետությունների և կառավարությունների բոլոր 28 ղեկավարների ձևաչափով հանդիպումը չեղյալ հայտարարվել: