Ամերիկայի հայկական համագումարի համար առաջնահերթ է մնում ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը
ՄիջազգայինԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության եւ հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու եւ ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀ գործունեության էլ ավելի ակտիվացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին եւ նշել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ համագումարի օրակարգային հարցերից մեկը: Նա հետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով եւ աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում:
Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ: